Դե ասում են, բայց պիտի ապացուցեն, չկա նման ապացույց, վստահ եմ, որ դատարանում չի ապացուցվի, որովհետեւ այն, ինչի մասին իրենք խոսում են՝ իրականության հետ կապ չունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին՝ ապօրինի ձեռնարկատիրություն, փողերի լվացում և այլն։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հատիկ առ հատիկ թալանը հետ ենք վերադարձնում, նա ասաց. «Բայց պիտի թալանված լինի, որ վերադարձվի»։
Երբ լրագրողները օրինակ բերեցին, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2023–ին Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը վերադարձվել է պետությանը, նախկին վարչապետն ասաց. «Դուք համոզվա՞ծ եք, որ դա իմ սեփականությո՞ւն է։ Դա կապ չունի ինձ հետ։ Դու հիմա սուտ տեղեկատվության մասին ես խոսում»։
Լրագրողերն ընթերցեցին պաշտոնական հաղորդագրությունը. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գրիգորյանի անունով գրանցված չորս հեկտար հողատարածքը գտնվում է Կոտայքի մարզում, Ծաղկաձոր համայնքի Արտավազդ բնակավայրի տարածքում ու հետո Հակակոռուպցիոն դատարանում կեղծ աճուրդների որոշումները մի քանի տարի է վիճարկում է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը։ Արդյունքում դատարանը որոշում է կայացրել, որ Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը վերադարձվի պետությանը։
Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Հետո՞. ի՞նչ հասկացաք ձեր կարդացածից։ Ապրի դատարանը։ Ես ասում եմ՝ իմը չի։ Վարորդը ընտանիք ունի, եղբայրներ ունի, մեծ ազգ ունի»։











