Ես հիմա անգիր չեմ հիշում ինքը ինչ է գրել, դրան կա գնահատական, հիմա ինձ էլ գրառման համար տարբեր մարդիկ դատի են տալիս։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին գրառման համար գետնին պառկացնելով բերման ենթարկեցին, հետո էլ կալանավորեցին։
«Հրապարակային կոչերի համար էլ այլ հոդվածներով են մեղադրանք առաջադրում և տանում դատարան և ոմանք նաև դատապարտվում են։ Ինքնին գրառումով չի, այսինքն գրառման բովանդակություն է կարևոր, որին գնահատական տվողը ես չեմ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ բերման ենթարկելիս դիմակավորված ԱԱԾ–ականները պառկացրել են ասֆալտին, կարծես հանցավոր բանդա էին վնասազերծում, Թորոսյանը նշեց. «Ես ներկա չեմ եղել այդ բռնելուն, ճիշտն ասած չեմ տեսել, եթե ոնց են գործողությունն իրականացնում մեր օպերատիվ ծառայությունները։ Կարծում եմ իրենք էլ ունեն ստանդարտներ այդ ամեն ինչը անելու համար»։
Դիտարկմանը, որ Գյումրիում էլ իրավապահների գործողությունները նույնն էին, ՔՊ–ական նախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ ցանկացած իրավիճակին կա համապատասխան արձագանք, և այն, ինչ որ տեղի էր ունենում Գյումրիում, այդ կազմակերպված, ըստ էության, համարյա անկարգությունները, որոնք ինչ-որ չափով նաև դարձան անկարգություններ, նաև թույլ էին տվել, ենթադրել, որ կարիք կա հավելյալ ուժեր ներգրավելու, որպեսզի թույլ չտրվի որևէ մեկի գույքի վնասումը, իրավիճակի հասարակական կարգի խաթարումը, և ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»։











