Մենք արդեն ընդդիմություն եղել ենք և չենք վախենում ընդդիմություն լինել, և եղել ենք ընդդիմություն, երբ նարեկ Սարգսյանի հայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, խմբակցության ղեկավար էր, պատգամավոր էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ «Մեր ձեւով» շարժումից հայտարարում են, որ ՔՊ–ն դառնալու է ընդդիմություն 2026–ին։
«Մենք տեսել ենք այն ամեն ինչը, ինչ որ իրենք անում էին ընդդիմությանը բռնաճնշելու ուղղությամբ։ Օրինակ իրենք հիմա ազատ ինչ ուզում՝ անում են բառիս ուղիղ իմաստով, որովհետև օրենքն է այդպես նախատեսում։ Եվ նորից չենք վախենում ընդդիմություն ունենալ, որովհետև այդ ամեն ինչը կարծես թե սպառնալիք է հնչում՝ հեսա տեսեք ձեզ ինչ կանենք, երբ որ դուք լինեք ընդդիմություն։
Ինչ-որ մի փուլում, այո, մենք միգուցե և դառնանք ընդդիմություն։
Երկրորդը, մեր գաղափարները, մեր կատարած ահռելի աշխատանքը, որը վերջին ընտրությունների ժամանակ արդեն կլինի ութ տարվա, մեր երկրի տնտեսական աճը, մեր երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է, աշխատատեղերի թիվը 200 000-ից ավելով ավելացել է, միջին աշխատավարձը բարձրացել է, հաստատված խաղաղությունը մեզ տալիս է վստահություն, որ մենք հաղթելու ենք ընտրություններումը»,–ասաց նա։
Հիշեցմանը, որ իրենց իշխանության օրոք մենք տարածքային կորուստներ ենք ունեցել, մասնավորապես, Ջերմուկի հատվածում, Թորոսյանն ասաց. «Եթե հարձակվել են մեր վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իմ մե՞ղքն է։ Դա իշխանության մեղքը չի, դա մեր պետության վրա հարձակում է եղել, որին մենք դիմադրել ենք և հարյուրավոր մեր զինծառայողներ մահացել են դրա համար։ Պարզապես անպատվաբեր է այդպիսի արտահայտություններ անելը։ Իսկ ինչ վերաբերում է մեր տարածքային ամբողջականության վերականգնմանը, դա տեղի է ունենալու սահմանագծման և սահմանազատման արդյունքում, որի մասին դուք լավ տեղեկացված եք»։











