Ստամբուլում, 99 տարեկան հասակում մահացել է Քերիման Հալիս Էջեն` աշխարհում առաջին գեղեցկության մրցույթի հաղթողը, որը կայացել է 1932 թվականի հուլիսի 3-ին` Բելգիայում: Նա մահացել է սրտի անբավարարությունից, այսօր Քերիման Հալիս Էջեին թաղել են Ստամբուլում, հաղորդում է haberprogram.com-ը:

Life News-ի փոխանցմամբ, Քերիման Հալիսը հին աբխազական էբժնոու ցեղից էր: 80 տարի առաջ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը կրել է «Գեղեցկության թագուհի» տիտղոսը, իսկ «Միսս աշխարհ» տիտղոսին նա արժանացել է ավելի ուշ: Էջե ազգանունը նա որպես նվեր ստացել է Աթաթուրքից: Էջե բառը թարգմանաբար նշանակում է «թագուհի»:

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը առեւտրական Թեվֆիք Հալիս բեյի ընտանիքի 6 երեխաներից մեկն էր: Սկզբում նա հաղթող է ճանաչվել դպրոցում անցկացված գեղեցկության մրցույթում, այնուհետեւ օկրուգում, ապա երկրում եւ վերջապես միջազգային մրցույթում:

Գեղեցկության առաջին մրցույթում հաղթելուց հետո, Էջեին Ստամբուլում դիմավորել են հազարավոր երկրպագուներ: «Երբ ես վագոնից իջա, թուրք սպաներն ինձ համար ճանապարհ էին բացում, որպեսզի ես կարողանայի անցնել բազմության միջով: Մարդիկ գոռում էին, թափահարում ձեռքերը եւ շատ ջերմ դիմավորեցին ինձ»,-իր հուշերում գրել է Քերիման Հալիս Էջեն:

Նա հետագայում մեծ ընտանիք է ունեցել` 3 երեխա եւ 13 թոռ: