Հովհաննավանքում գտնվող լրագրողները կհավաստիացնեն, որ այնտեղ ավտոբուս չի եղել, երկրորդը, ես մենակ եմ եղել ու հաջորդ կիրակի էլ լինելու եմ այնտեղ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով նրան, որ նախորդ կիրակի մասնակցել է Հովհաննավանքում կեղծ պատարագի և ավտոբուսներով մարդկանց են բերել այնտեղ։

Հարցին՝ ինչո՞ւ է Տավուշից հասել Հովհաննավանք «պատարագի» մասնակցելու, նարզպետը պատասխանեց. «Ոչ մեկը չի կարող սահմանափակել որևէ մեկին, ցանկություն ունեմ՝ գնում եմ։ Ոչ մի հրահանգ չկա։

Մայր Աթոռը չի կարող պղծություն որակել այդ պատարագը, որովհետև այնտեղ հազարավոր մարդիկ են եղել։ Մայր Աթոռը իրավունքը չունի, Մայր Աթոռը թող իր գործերով զբաղվի։ Իր գործը դա չի։

Եթե ասում եք, որ նա կարգալույծ եղած քահանա է, եկեք հետ գնանք ու մյուս կողմին նայենք, ո՞վ է կարգալույց արել այդ մարդուն։ Տեսեք, մարդը խախտել է կուսակրոնության ուխտը, այդ մասին հարցերին չի պատասխանում, ու այդ ամեն ինչը հաշիվ չի, ինքը կարող է կարգալույծ անի քահանայի՞ն»։