Այստեղ առհասարակ հանցագործության դեպքն է բացակայում շատ կարևոր ու առանձնահատուկ գործ է սա այն իմաստով, որ հանցագործության դեպք  չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Էմին խաչատրյանը՝ անդրադառնալով Վեհափառի եղբայր Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի ձերբակալմանը։

Այն, ինչ ներկայացված է հանրային քրեական հետապնդում հետապնդման որոշման մեջ, իրականության հետ բացարձակ աղերս չունի։ Տվյալ պարագայում մենք էլ ենք մի քիչ դժվարանում ինչ-որ կալանքի հիմքերի մասին խոսել, որովհետև ըստ էության, հանցագործության դեպք գոյություն չունի, հիմնավոր կասկածի նվազագույն չափանիշները, որ սահմանված են տարբեր ակտերով, նաև միջազգային ակտերով, հաղթահարված չեն»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Վաղարշապատի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը կոչ էր արել տեսանյութ տարածելիս ձայնն էլ միացնել, որ տեսնեն, թե ինչպես են հայհոյում կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին, փաստաբանն ասաց. «Տեսագրությունը տեսաձայնություն չի, մենք մեծ սիրով կներկայացնեինք։ Եթեայնտեղ հայհոյում են, ես կարծում եմ, որ մեր վստահորդների դաստիարակությունը բավականացնում է, որ իրենց տան բակում, որտեղ, օրինակ, մեր վստահորդի մայրն է ապրում, երեխաներն են ապրում, իրենք իրենց կյանքում երբևէ թույլ չեն տա որևէ հայհոյանք։ Որևէ հայհոյանք այնտեղ չի եղել»,–ասաց Խաչատրյանը։

Փաստաբաններից Արա Զոհրաբյանն էլ հավելեց. «Այդ տեսագրության վրա ձայն չկա, որովհետև այդ տեսախցիկները ձայն չեն արձանագրում։

Երկրորդ, տեսագրության մեջ պարզ երևում է, որ Համբարձում Ներսիսյանը իր սեփական տան դիմաց ուղղակի կանգնած է, այդ անձն է մոտենում իրեն, խոսում են, բարևում են։ Երևում է, որ այդ մարդիկ, որ չեն ճանաչում, հետո մի քիչ առաջանում են, էլի են խոսում, հայրն է մոտենում՝ Գևորգ Ներսիսյանը։ Եթե լինեին հայհոյանքներ, առնվազն  իրար կհրեին։ Չի կարող երկու տղամարդ իրար հայհոյեն ու հանգիստ կանգնեն, ինչ-որ կտրուկ շարժումներ չանեն»,–ասաց նա։

«Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելն էլ ծանր հանցագործություն է։ Ավելին, իրենք տեսագրությունը չեն ներկայացրել դատարանին, դա էլ էր ցավալի փաստ և առարկում էին, որ մենք ներկայացնենք։ Լավ էր՝ դատարանը բավարարեց և ընդունեց այդ ձայնագրությունը և հետազոտվեց ձայնագրությունը դատարանում։ Հիմա որոշում է կայացվելու Գևորգ Ներսիսյանի մասով։ Համբարձում Ներսիսյանի հարցը դեռ չի քննարկվել»,–ասաց Զոհրաբյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ այս դեպքն ուղիղ կապ ունի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցի նկատմամբ ճնշումների հետ. «Քննիչների հետ մեր հարցուպատասխանից կարծես թե տպավորություն էր, որ քննիչները կոչված են այս նախընտրական գործընթացը պաշտպանել, իրենց նախընտրած թեկնածուին պաշտպանել։ Որովհետև երբ որ մենք քննարկում ենք, թե ի՞նչ հիմքեր ունեք կալանավորման համար, ի՞նչ կարող է լինել, ասում են՝ կարող է փախուստի դիմել։ Նրանք իրենք են գնացել քննչական մարմնին։ Ավելին, քննչական մարմնում էլ մի պարադոքսալ երևույթ է եղել. քննիչի սենյակում իրենք նստած, քննիչն ասում է՝ գնացեք ոստիկանություն, որը ուրիշ հասցեում է գտնվում, թող ձեզ ձերբակալեն, հետո բերեն ինձ մոտ։

Իրենք ձերբակալվածի կարգավիճակում են մինչև դատարանի որոշման կայացումը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Վեհափառի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2–ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են: