Եթե դուք լեզվական հարցերից եք խոսում, ես առաջարկում եմ կուսակցական պատկանելությունը չընդգծել, եթե ես սկսեմ մեկնաբանել, թե ինձ ինչ տարբեր շրջանակներից, տարբեր քաղաքացիներ, մարդիկ, տարբեր քաղաքական թևերից, ինչ սխալներով, ինչ գրություններ, նամակներ են գրում, երևի այսօրվա մեր ճեպազրույցը չավարտվի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք անգրագիտություն չէ, երբ ՔՊ–ական պատգամավորը «սեպտեմբերին» ասում է «սեկտեմբեր», իսկ «հունվարին»՝ «հունըրվար»։
«Լեզվական գրագիտությունը մեր ընդհանուր խնդիրն է, և երբ որ ես խոսում եմ հայերենի իմացության ամրապնդման մասին, ես խոսում եմ մեր բոլորի հայերենի իմացության, ամրապնդման մասին։ Կան բաներ, որ ես էլ կարիք ունեմ ամրապնդելու, կան բաներ, գուցե դուք էլ, և մեզնից յուրաքանչյուրը երևի։ Այնպես որ տեղին չի որևէ խնդիր առանձնացնել և մատնանշել։
Ի վերջո, մենք ունենք նաև բարբառներ, և տարբեր բարբառներում, որը էլի մեր լեզվի հարստություն է, տարբեր բառեր ասվում են տարբեր կերպ։ Ես նաև անթույլատրելի եմ համարում, երբ որ մարդկանց իրենց բարբառով խոսելու համար պիտակավորում և թիրախավորում են։ Մենք դպրոցներում ունենք առանձին բարբառագիտության դասեր հայերենի ուսուցման ժամանակ, և նույնիսկ առանձին նախագծեր ենք անում, որտեղ երեխաները հենց իրենց բարբառով տեսանյութեր կներկայացնեն։ Չպետք է մարդիկ ամաչեն իրենց բարբառից, դա քաղքենիություն է։ Չի կարելի նման միջավայր ձևավորել հասարակության մեջ»,–ասաց նախարարը։
Նշենք, որ խոսքը ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի մասին է, ով հայտարարել էր, որ իրենց բարբառում այդպես են ասում սեպտեմբերին ու հունվարին։











