Ցզյանսի նահանգում գտնվող «Աշխարհի ճենապակու մայրաքաղաք» անվանումով հայտնի Ցզինդեչժեն քաղաքի համալսարանը գեղարվեստական կերամիկայի բաց վարպետության դասեր է անցկացնում: Կերամիկական վարպետներ պատրաստելու իր երկարամյա ավանդույթներով հայտնի համալսարանը հրավիրում է ուսանողներին, նկարիչներին և լայն հանրությանը ծանոթանալու չինական ճենապակու պատրաստման յուրօրինակ տեխնիկային ծանոթանալ ցանկացող բոլոր անձանց (ֆոտոռեպորտաժ)։
Ծրագրի նպատակն է հանրահռչակել ավանդական արհեստագործական մեթոդները, որոնք դարեր շարունակ փոխանցվել են վարպետից աշակերտին և զարգացնել ժամանակակից կերամիկական արվեստը՝ հիմնվելով խորը մշակութային ավանդույթի վրա։ Դասընթացներն անցկացնում են ճանաչված վարպետներ՝ կերամիստ-նկարիչներ, որոնք մասնակցում են միջազգային ցուցահանդեսների և հետազոտական նախագծերի։
Մասնակիցները կկարողանան անցնել կերամիկայի հետ աշխատանքի բոլոր հիմնական փուլերը՝ կավի ընտրություն և պատրաստում, ձեռքով կաղապարման և բրուտագործական անիվի վրա ձևավորման տեխնիկա, ջնարակի տակ և ջնարակի վրա նկարազարդում, ավանդական վառարանի և թրծման գործընթացի առանձնահատկությունների ուսումնասիրություն, Ցզինդեչժենի պատմական ոճերին ծանոթացում՝ «սին-բայ», «ցյու-շաո», «ցայհուա» և այլն։
Դասընթացներն անցկացվում են համալսարանի մասնագիտացված արհեստանոցներում, որտեղ տեղադրված են ինչպես ավանդական սարքավորումներ, այնպես էլ ժամանակակից կերամիկական վառարաններ և կաղապարների նախագծման թվային գործիքներ։
Ուսումնական հաստատությունն առաջարկում է կրթական ծրագրերի լայն շրջանակ՝ գեղարվեստական և արդյունաբերական դիզայնից մինչև ինժեներական մասնագիտություններ, տնտեսագիտություն, հումանիտար գիտություններ և միջազգային հետազոտություններ։ Համալսարանի կառուցվածքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կերամիկական արվեստի ինստիտուտը՝ Չինաստանի առաջատար դպրոցներից մեկը, որը զբաղվում է կերամիստ-նկարիչների, տեխնոլոգների և հետազոտողների ուսուցմամբ։
Կրթական գործընթացում համակցվում են ակադեմիական պատրաստվածությունը, ստեղծագործական պրակտիկան և կիրառական հետազոտությունները։ Ուսանողները հնարավորություն ունեն աշխատել մասնագիտացված արհեստանոցներում և գիտական լաբորատորիաներում, ուսումնասիրել կավի մշակման և նկարազարդման ավանդական տեխնիկաները, ինչպես նաև յուրացնել մոդելավորման և թվային նախագծման ժամանակակից մեթոդները։ Համալսարանը ակտիվորեն համագործակցում է գեղարվեստական թանգարանների, մանուֆակտուրաների և արդյունաբերական ձեռնարկությունների հետ, ինչը թույլ է տալիս ուսանողներին մասնակցել իրական ստեղծագործական և արտադրական նախագծերին։
Համալսարանի զարգացման գործում զգալի դեր ունի միջազգային ուղղությունը։ ԲՈւՀ-ում սովորում են տարբեր երկրներից ժամանած ուսանողներ, պարբերաբար անցկացվում են ցուցահանդեսներ, ստեղծագործական դպրոցներ, հետազոտական սեմինարներ և փոխանակման ծրագրեր։ Դրա շնորհիվ համալսարանը կարևոր հարթակ է հանդիսանում մշակութային երկխոսության և չինական կերամիկայի ավանդույթները ողջ աշխարհում տարածելու համար։
Այսօր Ցզինդեչժենի համալսարանը ժամանակակից կրթական և գիտական կենտրոն է, որտեղ ավանդույթներն ու նորարարությունները միավորվում են ստեղծագործական զարգացման միասնական տարածքում։ Այն շարունակում է իր ներդրումն ունենալ չինական ճենապակու յուրահատուկ ժառանգության պահպանման և թարմացման գործում՝ ձևավորելով նկարիչների, վարպետների և հետազոտողների նոր սերունդ։
Խորեն Գրիգորյան Ցզինդեչժենից











