«Այն ինչ մենք տեսել ենք «մեր ձևով» արտահայտության տակ, արտացոլված է մեղադրանքի մեջ, ավել մեկնաբանություն չեմ կարող տալ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ են իրավապահները փնտրում գործարար Սամվել Կարապետյանի հնչեցրած «մեր ձևով» արտահայտության մեջ և ինչու՞ է Կարապետյանը շարունակում մնալ անազատության մեջ։
«Արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ և վերջնական իրավական գնահատական տրված է։ Այլ մեկնաբանություն չունեմ»,–հավելեց Պողոսյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ իրավապահները ինչպե՞ս որոշեցին, որ «մեր ձևով» արտահայտությունը կարող է դիտարկվել որպես իշխանազավթման կոչ, այլ ոչ թե, օրինակ, եկեղեցու պատարագներին մասնակցելու մասին հայտարարություն, ՔԿ նախագահը պատասխանեց.
«Որովհետև մենք տվեցինք իրավական գնահատական և համարեցինք, որ դա ենթադրաբար հանցավոր դրսևորում է»։
Արթուր Պողոսյանը հերքեց վարկածը, որ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական գործընթացները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո և նրա ուղղորդմամբ։
Լրագրողի հարցին՝ եթե արդեն քննչական կոմիտեն ապացուցել է, որ եկեղեցու կողքին կանգնելու մասին հայտարարությունը իշխանազավթման կոչ է, ինչու՞ գործը դեռևս չի ուղարկվել դատարան, ՔԿ նախագահը պատասխանեց.
«Այդ հարցին արդեն պատասխանել եմ։ Նախաքննություն է ընթանում, երբ կավարտվի, կլուծենք քրեական վարույթի ելքը»։
Գործի վերաբերյալ այլ հարցերի ՔԿ նախագահը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե գործը նախաքննության փուլում է գտնվում և չի կարող փաստական տվյալներ հայտնել։











