Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է։
«Ես ամեն կիրակի գնում եմ իմ շատ սիրելի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Այլ տեղեկություն՝ կապված իմ կրոնի, հավատքի հետ, պատշաճ չեմ համարում այս պահին քննարկել։ Հիմա կրոնական հարցերը քաղաքականացրել են, թույլ տվեք չմեկնաբանել այդ ամենը՝ չլինելով քաղաքական պաշտոնյա։ Ինձ օրենքով արգելված է քաղաքականությամբ զբաղվելը՝ նաև կրոնական հարցերով։ Իմ կրոնական հավատի ու ապրումների մասին հարցերին թույլ տվեք չպատասխանել», -հավելեց նա։
Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր լիազորությունները չի գերազանցում՝ սահմաններն անցնելով կաթողիկոսի դեմ արշավ կազմակերպելով, Անդրեասյանը պատասխանեց. «Ես վարչապետի լիազորությունների անցման, չանցման հետ կապված մեկնաբանողը չեմ, քանի դեռ միջազգային իրավական վեճի չի հասել իր որևէ գործողություն։ Միջազգային իրավունքի տեսանկյունից, նաև իմ համեստ իրավական գիտելիքներից ելնելով, այսօր որևէ խախտում ես կառավարության կողմից չեմ տեսնում»։
Ինչ վերաբերում է Արշակ Սրբազանի վերաբերյալ գաղտնի տեսանկարահանված տեսանյութեր հրապարակելուն, նա ընդգծեց. «Ուզում եք ասել, որ դա կառավարությո՞ւնն է հրապարակել։ Իհարկե դա խախտում է, ցանկացած մարդու մասնավոր կյանքի միջամտություն»։











