Կոմիտասի պողոտայում բռնկված խոշոր հրդեհի վայր է ժամանել շտապօգնության մեքենա։
Բժշկուհին մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքացիների շրջանումտուժածներ չկան, սակայն հրշեջ փրկարարները թթվածնի կարիք ունեին, տվել են, որից հետո նրանք վերադարձել են իրենց աշխատանքին։
«Երկու հոգի մոտեցել են, թթվածին շնչել են, որովհետեւ շենքի վերեւում ծուխը շատ էր։
Որքան ես հասկացած, ձայնային ազդանշանը եղել է ժամանակին, ժողովուրդը բոլորը տարհանվել են, ներսում մարդիկ չկան, միայն փրկարար ծառայության աշխատողներն են»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։
Այս պահին դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ։











