Ձեր նման եկել եմ տեսնեմ՝ ինչ է եղել, ես ի՞նչ գիտեմ, էքսպերտները կասեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, Կոմիտասի «Երևան Սիթիում» բռնկված հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում նեց ԱԺ նախկին պատգամավոր, Արկադի Համբարձումյանը՝ «Դերժավայի Արկադին»։ Հենց իրեն պատկանող KFC–ի տարածքում է հրդեհը բռնկվել։

«Նայում ենք, կարծես մեջից կրակ չի եղել, ոնց որ դրսից է կրակը, բայց էքսպերտիզան կտա պատասխանը։ Ավել բան չեմ կարա ասեմ, Էքսպերտները երևի ավելի լավ կասեն։

Մենք նայում ենք, մեր ռեստորանի կուխնյային բան չկա մեջից, կարաք դուք էլ նայեք։ Եթե խնդիրը ներսից լիներ, իմ կարծիքով մեջը բան կլիներ»,–ասաց նա՝ հորդորելով հարցերն ուղղել իրենց տնօրեինին, ով կողքին կանգնած էր։

Տնօրեն Լեոնիդ Մաթևոսյանն ասաց. «Տեղում տարահանվել են բոլորը, ոչ մի տուժած չունենք։ Անմիջապես առաջին ծխի հոտը առնելուց զանգահարել են 911 ծառայություն, հոսանքազրկել են ռեստորանը և լքել են տարածքը, տարահանվել են բոլորը։ Միայն մի պատասխանատու աշխատակից փորձել է կրակը մարել, բայց տեսել է, որ հնարավոր չէ, այդ ընթացքում էլ զանգել են 911 ծառայությունը։

Ծխի հոտն են առել, հետո դրսից բոց են տեսել։ Կարող եք ներսը նայել, կտեսնեք, որ ներսում ոչ մի հետք չկա կրակի։ Ամբողջը դրսի պատից է»։

Նա հավաստիացրեց, որ այս դեպքից հետո որեւէ աշխատակից առանց աշխատանքի չի մնա, կշարունակեն աշխատել  ընկերությունում. «Աշխատակիցների համար անհոգ եղեք, ընկերությունը միշտ բոլոր աշխատակիցների հոգսերը վերցնում է իր վրա և ոչ մի աշխատակից անգործ չի մնա»։

Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհաշիջման աշխատանքներին օպերատիվորեն ներգրավվել են նաև ՆԳՆ Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և ոստիկանության Գվարդիայի ծառայողներ։

Ըստ նախնական տվյալների մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին, մարվել 13։54-ին։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։