Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը դեռ չսկսված 15 րոպեով ընդմիջվեց, քանի որ պաշտպաններից մի քանիսը և հանրայն մեղադրողները չէին ներկայացել։

Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ նիստին ոչ բոլոր պաշտպաններն են ներկա, նաև հանրային մեղադրողները չկան։

«Դատավարության մասնակիցները պատշաճ տեղեկացվել էին, որ դատական նիստը ժամը 15.30 է, դատարանը պահանջել էր բոլորը ճիշտ ժամին ներկա գտնվեն։ 15 րոպե նիստը կընդմիջվի»,- հայտարարեց դատավորը։

Ներկա պաշտպաններից  մեկը հարցրեց, թե արդյոք այդ ընթացքում մեղադրյալները կարող են մնալ դահլիճում։

«Ո՞րն է դրա անհրաժեշությունը»,- հարցրեց դատավորը։

Փաստաբանն ասաց. «Խորհրդատվություն մատուցենք, քննարկենք»։ Դատավորը դեմ չէր։

Նախքան ընդմիջումը, պաշտպանները ներկայացան դատարան։

Ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը,  ի լրումն նախորդ նիստին ներկայացված միջնորդության, ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ գրավի գումարի չափն ավելացնել շուրջ 25 միլիոն դրամով։

Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով նախորդ դատական նիստ փակ էր տեղի ունեցել, ցանկանո՞ւմ են դռնփակ, թե՞ դռնբաց ռեժիմով քննարկել։

Արամ Վարդևանյանն ասաց, որ մինչ դատական նիստը ներկայացրել է բժշկական բնույթի նոր փաստաթուղթեր, ու թողում է դատարանի հայեցողությանը՝  դռնբացության կամ  դռնփակության կարգով  գործի քննության վերաբերյալ որոշումը, քանի որ, գտնում է, որ նշված հարցը կարող է հենց նաև դատարանը լուծել. «Եթե դատարանը կարևորությունն  ընդգծի վերստին բժշկական բնույթի նոր տեղեկանքին, դրա ուսումնասիրմանը, ապա այն պետք է քննվի դռնփակության կարգով»։ Արթուր Սարգսյանն էլ թողեց դատարանի որոշմանը։

Դատարան որոշում կայացվեց, որ նիստը պետք է անցկացվի դռնփակ ռեժիմով։