Մեր խմբակցությունից Արման Եղոյանը իր էջում դրել էր 2011 թվականի Իլհամ Ալիևի հայտարարությունը, հիմնականում ներքին լսարանին ուղղված այդ մարդու հայտարարությունները չեն փոխվում, ես իր հայտարարությունների վրա չեմ հիմնվում, հիմնվում եմ նրա վրա, թե երկու պետությունների ղեկավարները ինչ են ստորագրել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որոնք նկրտումներ են պարունակում Հայաստանի նկատմամբ։
«Թշնամական հռետորաբանությունը, որ ինքը գործածում է, բոլորս էլ գիտենք, որ իր ներքին լսարանի համար է, դա այլ հոգեբանական պատճառներ ունի։ Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը և ադրբեջանական կողմը օգոստոսի 8–ի խաղաղության այդ փաստաթղթով այդքան էլ բավարարված չէ, և ես տեսնում եմ չբավարարված մարդու դիրքորոշում։ Ինքն ուզում էր միջանցք՝ երրորդ պետությունների, ավելի շատ իրենց դաշնակից պետությունների հսկողությամբ, ինչը չստացավ»,–ասաց ՔՊ–ական պատգամավորը։
Հարցին՝ ԱՄՆ–ն երրորդ երկիր չէ՞, որը ներկա է լինելու այդ ճանապարհին, նա պատասխանեց. «Եկեք դետալների մեջ չխորանանք, որովհետև հինգ սկզբունքները պահվելու է, ինչը Ալիևի կամ ադրբեջանական կողմի սրտով չի եղել։ Եթե ամեն ինչ իրենց սրտով լիներ, իրենց ուզածով լիներ, ինչի՞ պիտի իրենք իրավիճակը սրեին։ Բայց մենք շարժվում ենք ոչ թե հայտարարություններով, այլ ստորագրված թղթերով»։











