Շատ կաևոր է հասկանալ, թե այս ցորենն ինչ նպատակով է գալիս Հայաստան. Ես, օրինակ, ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Ղազախստանից ու Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով, երկաթգծով Հայաստան ցորեն ներմուծելուն։

«Դրա մասին Նիկոլ Փաշինյանն անոնսել է՝ ասելով, որ ՀՀ տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է հետ վերադարձվեն Ադրբեջանին։ Այսինքն հերթական զիջումների նախապատրաստական փուլն է գալիս։  Նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների մասով իրավական հիմքերը չկան, այդ դեպքում ի՞նչ տարածքների մասին է խոսվում։ Որո՞նք են դրա իրավական հիմքերը։

Սահմանագծման, սահմանազատման անվան տակ միակողմանի զիջում է արվել հայկական կողմից։ Այն ժամանակ ասում էին՝ Կիարց–Ոսկեպար հատվածներից մենք զիջում ենք անում, Բերքաբերից 900 հեկտար ստանալու ենք։ Անցել է բավականին երկար ժամանակ, որևէ մի սանտիմետր, որևէ մի միլիմետր հող Բերքաբերի լճից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չի ստացել։

Ադրբեջանական կողմը պատրաստ չի Հայաստանի Հանրապետությանը հետ սահմանազատման, սահմանագծման իրական գործընթաց անելու, որովհետև ինչ պահանջում՝ ստանում է, իսկ Հայաստանը ոչինչ չի ստանում։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ որևէ  Ադրբեջանի պաշտոնյա չի ասել, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական հողեր»,– ասաց Գառնիկ Դանիելյանը։

Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան Արծվաշենից, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ հատվածներում Հայաստանը՝ հաշվի առնելով իր վերջին շրջանի վարած քաղաքականությունը, հերթական զիջումներն է նախապատրաստում և այդ զիջումների ֆոնին որոշակի առումով քարոզչական ֆոն է ստեղծում։ Այն հատվածները, որի մասին երկար ժամանակ խոսվում է, այդ հատվածներով անցնում են մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Դա Հայաստան մտնող գազամուղն է, ինտերնետ մալուխներն են և այլ կոմունիկացիաներ, ճանապարհներ և այլն։ Դրանք Տավուշի հատվածում էլ, Տիգրանաշենի հատվածում էլ լրջագույն խնդիրներ են ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար»։

Նա համաձայնեց դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր Արծվաշենի մասին խոսում է, որ երբ չորս անկլավները վերադարձնեն, ասի, որ Արծվաշենն էլ մենք ենք ստանալու են, բայց ինչպես Բերքաբերրի հատվածը չկարողացանք հետ ստանալ, նույն կերպ նաև Արծվաշենը չենք կարողանալու հետ ստանալ։

Գառնիկ Դանիելյանը վստահեցրեց, որ Հայաստանն ունի բոլոր հիմքերը պահանջելու Արծվաշենի վերադարձը, որովհետեւ դրա իրավական հիմքերը կան, դա ՀՀ տարածք է, իսկ Ադրբեջանը չունի որեւէ իրավական հիմք, որի հիման վրա պահանջում է անկլավները. «Այդ տարածքներում ակտիվ զբաղվել են անասնապահությամբ, և ադրբեջանցիները գալով այդտեղ, նաև իրենց առաջ խնդիր են դրել, որ իրենց ազգաբնակչությունը ավելանա։ Այն ժամանակ հայր Ալիևի կողմից պահանջ կար, որ գնացեք այդտեղ, շատ երեխաներ ունեցեք և այդ տարածքները ձեզնով արեք։ Եկել են, այդ մարդիկ այդտեղ ամրապնդվել են, և դա է ընդամենը իրենց հիմք տալիս, պնդելու, որ այս տարածքները ադրբեջանական են։ Եթե այդ տարածքները տրվեն Ադրբեջանին, դա արվելու է միակողմանի զիջումներ կատարելով»։