Մի քիչ աբսուրդային են մեր ընդդիմադիր գործընկերների քննարկումները, որովհետև երբ վարչապետ Փաշինյանը երեք օր չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին, ասում են՝ ինչու նա չի խոսում դրա մասին, երբ ասում է՝ մենք պետք է վերադարձնենք մեր օկուպացված տարածքները, այդ թվում Արծվաշենը, ասում են՝ էս ի՞նչ է, ուրեմն զիջումներ է անելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Ինչ վերաբերում է անկլավային հարցերին, դրանք պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Սահմանազատման հանձնաժողովները ընդունել են աշխատակարգ։ Դա ենթադրում է, որ իրենք պետք է իրավական հիմքերը դնեն իրար առաջ, քննարկեն, պետք է դնեն տարբեր հատվածների վերաբերյալ իրենց ունեցած քարտեզագրական, իրավական հիմքերը և այլն։ Իրականացնեն սահմանազատում, վերջում ստորագրեն սահմանազատման պրոտոկոլները։ Ամենավերջում, երբ ավարտեն սահմանազատման գործընթացը, պետք է միմիմյանց հետ պայմանագիր կնքեն դելիմիտացիայի վերաբերյալ։ Դա հաստատ մինչև ընտրությունները չի լինի, որովհետև դա երկար աշխատանք է։
Սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց եթե օրինակ տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա։
Եթե ընթացքում որոշվի ինչ-որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրաքվեով է լինում։
Հիմա որևէ նորություն չկա այդ հարցերով, այսինքն սահմանազատման հանձնաժողովի հանդիպում այս վերջին շրջանում չի եղել և նոր զարգացումներ չկան»,–ասաց նա։











