Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության պոդքաստի արձագանքների ժամանակ Փաշինյանի մի քանի կետին պիտի անդրադառնամ. մասնավորապես ինքը որերորդ անգամ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թոկ էր Հայաստանի Հանրապետության վրա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեռկավար Հայկ Մամիջանյանը։
«Հլը մի հատ էլ չբավարարվեց դրանով, որոշեց ռուսերեն գրի՝ короткий поводок։ Հիմա ես մի հարց ունեմ, լավ երկար էր, հա՞, աէդ короткий поводок–ը, դրա առկայության պարագայում մենք CEPA ենք ստորագրում, որը մինչ օրս դուք փորձում եք իրագործել ու առանձնապես դա ձեր մոտ չի ստացվում։
Հետո ինքը ասաց՝ ժողովրդի իրավունքները, պատմական արդարության վերագործարկումը, վերականգնումը նույնպես թոկ էին, բայց խնդիրն այն է, որ դրանք երկուսն էլ ձեր բանակցային տերմիններն են՝ իրավունքներ, անվտանգություն, արդարություն։ Դա դուք եք բերել բանակցային գործընթաց, մերը երեք հիմնարար սկզբունքներն են՝ ինքնորոշման իրավունքով։ Ավելին ասեմ, ձեր իշխանության ընթացքում մեր բանակցությունների ավարտից տարիներ անց Ռուսաստանի Դաշնությունը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Գերմանիան, Կանադան նույնիսկ այս տարվա օգոստոսին այդ նույն հիմնարար սկզբունքներից ինքնորոշման իրավունքին հղում են կատարել։ Այ դա էր մեր բանակցային ժառանգությունը։
Ավելին ասեմ, մեր բանակցային ժառանգության մասին խոսել են թե Ադրբեջանից երկու անգամ՝ նշելով, որ եթե բանակցություններով գնար, ապա թե Լաչինն ու Քելբաջարը և թե իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»,–ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ Փաշինյանն է նաև գաղտնալսման ընթացքում ասել, որ Ադրբեջանը համակերպվել է, որ Լեռնային Ղարաբաղը, Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։
Մամիջանյանը ևս մեկ թեմայի անդրադարձավ. «Վերջերս մամուլում տարածվեց մի տեղեկատվություն որ Փաշինյանը 18 թվականից խոստացել է կարգավորել գործընթացը, իսկ 2019-ին ասել է, որ իրեն կսպանեն, եթե ինքը դա անի։ Երբ որ դա համադրում ես այն փաստի հետ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմը, չարեց անհրաժեշտը պատերազմը կանգնեցնելու համար, հետո էլ պատճառաբանեց, որ իրեն դավաճան կհամարեին այդ պարագայում, մենք գալիս ենք մի պարզ եզրակացության, երկու անգամ Նիկոլ Փաշինյանը մի անգամ իր կաշին, մյուս անգամ իր կաշվե աթոռը փրկելու համար մատաղ է արել մեր զինվոր տղերքի կյանքերը»։











