Պաշտպանական ծախսերը սկսած 2023–ից, էապես աճել են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ 2026–ին պաշտպանությանն ուղղված ծախսերն ավելի քիչ են, քան 2025–ին։

«2023–ից իրականացվել և իրականացվելու են աննախադեպ ծախսեր, որոնք էապես փոխել են մեր հնարավորությունները։ Սա վերաբերում է և բանակի կարիքներին, և զինծառայողների սոցիալական վիճչակին և բազմաթիվ այլ հարցերին, այդ թվում նաև սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը, ինժեներական աշխատանքներին։ Այսինքն այն ամբողջ աշխատանքը, որ արվել է այս տարիների ընթացքում, հնարավոր է եղել մեր կառավարության հատկացրած միջոցների հաշվին։

Այն, որ 2025–ի և 2026–ի միջեւ առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում,  իրականում այնտեղ հստակ բալանս կա, որովհետեւ, երբ համեմատենք 2024–ին պաշտպանական ծախսերի համար հատկացված բյուջեն և 2026–ին նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավականին նորմալ աճ է նկատվում 2023–ի, 2024–ի և 2026–ի միջեւ։ Այստեղ իրական դիսբալանսը տեղի է ունեցել հօգուտ ՊՆ–ի, որովհետեւ ելնելով  տվյալ պահի տարածաշրջանային զարգացումներից, մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 2025–ին, որի արդյունքում էլ տեղի է ունեցել, առաջին հայացքից այս խզվածքը, որը բոլորովին էլ արտասովոր բան չէ, այլ բնական գործողություն, որն արել է ադեկվատ կառավարությունը»,–ասաց Պապիկյանը։

Նախարարը նաև հավելեց. «Եթե մեր քաղաքացիները ծանոթացել են վարչապետի հայտարարությանը, նրանք կարող են կազմել խմբեր, դիմել համապատասխան հասցեով և այդ խմբին մենք կարող ենք ծանոթացնել մեր տեղական և նաև ձեռք բերված սպառազինության միջոցներին»։