Վաղարշապատի թիվ 14/10 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելու եկավ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։ Նա եկել էր որդու հետ։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Գուշակություններ պետք չի անել, բայց մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»։
Խաչատրյանը հայտարարեց, որ չի վախենում, որ հաղթանակի դեպքում իր դեմ քրգործ կհարուցեն. «Մենք հնարավոր կոալիցնիաների հարց չենք քննարկել, ոչ մեկի հետ նման հանդիպում չենք ունեցել։ Եթե բացարձակ հաղթանակ չլինի, մենք համագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։ Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, որը «Հաղթանակ» դաշինքից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել նրան»։
Խոսելով հնարավոր ընտրախախտումների մասին, «Հաղթանակի» թեկնածուն նշեց, որ ինքը տեղեկություններ չունի այս պահին, բայց համացանցում բազմաթիվ տեղեկություններ կան՝ բաց քվեարկություններ, ուղղորդումներ, կուտակումներ:
Նա նկատեց, որ 2021–ի ընտրությունների համեմատ այս անգամ Վաղարշապատում ընտրությունները բավականին ակտիվ են։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։











