Բայց ինչի՞ ենք շտապում, եկեք սպասենք, մի քանի ժամ է մնացել ընտրությունների ավարտին, արդյունքները կտեսնենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ անդրադառնալով նրան, որ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը հայտարարել էր, որ իրենք գոնւմ են հաղթանակի։
«Ընտրական պրոցեսներին, որ հիմա նայում եմ, որևէ մտահոգիչ բան չեմ նկատում։ Մենք հնարավորինս զգոն ենք, պատրաստված, չեմ կարծում՝ որևէ խնդիր կա։ Եթե որևէ խախտում արձանագրվում է, կուսումնասիրենք, կնայենք ինչ խախտումներ են, այս պահին չեմ հասցրել ավելի մանրամասն ուսումնասիրել։ Բայց որքան ընդհանուր հպանցիկ նայել եմ, դրանք մտահոգիչ խախտումներ չեն։
Իհարկե, մթնոլորտը լարված է, դրանով նաև լարված եղել է տեղամասերում, զգոնությունը հնարավորինս բարձր է լինում է»,–ասաց նա։
Մանավազյանը նկատեց, որ քաղաքի բարեկարգումը անընդհատ պրոցես է, այնպես չէ, որ դա արվում է միայն նախընտրական շրջանում։
Հարցին՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելո՞ւ է Էջմիածին, Մանավազյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, վարչապետը լինելու է այսօր այստեղ, թե ոչ։ ՔՊ–ի հանրահավաքին ես ներկա եմ եղել, քիչ մարդ չի մասնակցել, ամբողջ հրապարակը լեցուն էր»։
Դիտարկմանը՝ եթե ՔՊ–ն հաղթանակ տանի Վաղարշապատում, հաջորդ քայլը լինելու է Կաթողիկոսի հեռացման քայլը և հայտարարված «հոգևոր հավա՞քը», ՔՊ–ական պատգամավորն արձագանքեց. «Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Մենք կիրակի օրերը մասնակցում ենք պատարագի բոլոր այն համայնքներում որտեղ լինում է պատարագը, որ գնում է վարչապետը»։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
Ժամը 14։00-ի դրությամբ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 15 868 մարդ կամ 22.71 %-ը։











