Իշխանություններն անգամ մարդկանց բանտարկելուց հետո չեն հանդարտվում և շարունակում են այդ մարդկանց թիրախավորել տարատեսակ գրառումներով, հայտարարություններով, ինչպես նաև եթերներում։ Այս մասին տեսանյութ է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ, Միքայել Սրբազանը բանտարկված է և գտնվում է ԿԳԲ-ի բանտում։ Այն իշխանությունների կողմից է բանտարկված, որը մեծագույն պայքար է հայտարարել ընդդեմ ԿԳԲ-ի, ռուսական գործակալական ցանցի և միևնույն ժամանակ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ մեր ԱԱԾ-ում աշխատելու ցանկություն ունեցող մարդիկ կարող են դիմել և գնալ, Մոսկվայում այդ իրենց ասած ԿԳԲ-ի ուսումնական հաստատություններում սովորել։

Միքայել Սրբազանին բանտարկել են, Սամվել Կարապետյանին բանտարկել են, բայց շարունակում են նրանց վերաբերյալ հայտարարություններով հանդես գալ և արձագանքել նրանց հայտարարություններին։

Արձագանքում են Միքայել Սրբազանի՝ Էջմիածնի ընտրությունների վերաբերյալ բանտից արված հայտարարությանը։ Մարդը բանտում նստած է, ունի մի հնարավորություն՝ գրավոր ինչ-որ հայտարարությամբ հանդես գալ, բայց չի կարող հարցազրույցներ տալ, Facebook-ի մատչելիություն չունի, որ ձեր գրառումներին արձագանքի։ բայց դուք միևնույն է՝ չեք դադարում նրան արձագանքել։ Սա որևէ դասակարգման կամ որևէ մաստի մեջ որևէ ճշտի մեջ չի տեղավորվում։

Կամ լռեք, հանգիստ մնացեք, մինչև այդ մարդիկ կազատվեն և կլինի այդ քննարկումը, կամ էլ եթե արձագանքում եք, նույն հնարավորությունը տվեք իրենց, որ իրենք էլ արձագանքեն։

Այսինքն մարդուն խոսելու համար բանտարկում եք, հետո դուք սկսում եք խոսել այդ մարդու վերաբերյալ, հա՞։ Դուք էլ մի խոսացեք ուրեմն, դուք էլ մի արձագանքեք։ Մեկը հենց Ռուբեն Ռուբինյանին է սա վերաբերում, որ իր ֆեյսբուքյան էջում թուրը հանել էր, կռվում էր Միքայել Սրբազանի հետ»,– ընդգծեց Մարուքյանը։

Անդրադառնալով Ալիև–Փաշինյան հանդիպմանը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բանավոր ժանրը շատ վտանգավոր ժանր է, քանի որ հետո լինում են տարընթերցումներ, Մարուքյանն ասաց. «Սամվել Կարապետյանը մի հատ հարցազրույցի համար նստած է, բանավոր ժանրով բան է խոսացել, որը բանավոր է։ Միքայել Սրբազանը մի հատ հարցազրույցի համար նստած է ԿԳԲ-ի բանտում և բանտարկել է Փաշինյանը։ Էլի բանավոր ժանր է։

Բանավոր ժանրի համար քո հայրենակիցներին բանտարկել ես, բայց Բայրամովին բանավոր այդ ժանրի համար չենք պատասխանում։

Ամեն օր դուք ձեր արարքներով ցույց եք տալիս, որ քաղբանտարկյալներ են էդ մարդիկ։

Բանավոր հարցազրույցի համար քրեական գործ եք հարուցել, տարել, երկու տարի ազատազրկումով դատել եք Միքայել Սրբազանին։

Դուք իրավաբանորեն սխալ եք, քաղաքագիտորեն սխալ եք, հայաթի թաղային ենթամշակույթով սխալ եք, ասպետական ենթամշակույթով սխալ եք։

Ամոթ ձեզ, ձեր կողմից բանտարկված մարդկանց, գոնե բանտարկելուց հետո, ամաչեք այդ մարդկանց անունները տալուց։ Սուս, լռվեք, համբերեք, մինչև ձեր դատերի օրերը կգա, մինչև որ դուք պիտի դրա համար բնականաբար պատասխան տաք։