Ճնշումներն անմարդկային են. Կարիքը կա, որ հատկապես քաղաքացիական հասարակության և քաղաքական դաշտի կարևոր, ազդեցիկ դերակատարներն իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն։ Սահմանադրականության խախտման հետ կապված հստակ դրսևորումներ կան, երկրում արդարադատության իրավիճակի հետ կապված խնդիրներ ենք տեսնում՝ կապված ազատ տեղաշարժի, վանքերի սեփականության, մարդկանց անձնական կյանքի մեջ ներխուժման, ազատությունների և հատկապես կառուցակարգային իմաստով՝ Եկեղեցի-պետություն, աշխարհիկ և հոգևոր իշխանություններ միջամտությունների առումով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ կարևորելով Եկեղեցու դեմ ճնշումների հարցով հանրային քննարկումները։

Դիտարկմանը՝ ինչ է արվում, որ Փաշինյանը Վեհարան չհասնի՝ Հայր Ռուբենը պատասխանեց՝ նշելով, որ եկեղեցու քայլերն արվում են ժողովական ձևաչափով՝ եպիսկոպոսական, գերագույն հոգևոր խորհրդի, միաբանական ժողովների, թեմական մակարդակով և հայտարարություններով․ «Եթե նկատի ունեք հանրահավաքներ, մանիֆեստացիաներ չեմ՝ չեմ կարծում, որ դա ճիշտ է»։  

Հայր Ռուբենի խոսքով՝ Եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունքը 2018 թվականից չէ, որ սկսել է, դրա գաղափարական նախապատրաստական հիմքերը դրվել է ավելի վաղ՝ տարբեր սեմինարների, կազմակերպությունների կողմից մարդկանց մտածելակերպը փոխելու միջոցով։

«Զգուշացնում էինք, որ հասարակությունը չմոլորվի։ 2018թ․ հետո դրանք  աստիճանաբար մտան ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխության, սահմանափակումների, իսկ Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ եկեղեցու կողմից հստակ վերաբերմունք ցուցաբերվեց, արդեն առճակատում սկսվեց»,- ասաց Հայր Ռուբենը՝ նշելով, որ ունենք եպիսկոպոսաց դաս, միաբանություն, հոգևորականներ, հոգևորականների մեծ մասը ծառայում են ՀՀ-ից դուրս։

«Այն, ինչ դուք տեսնում եք՝ մեկ-երկու քահանա, որոշ բարձրաստիճան հոգևորականների ոչ խստապահանջ ելույթներ, վերաբերմունք՝ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ՝ պատկերը սա է, դուք գնահատեք՝ միասնական է, թե՝ ոչ»,-ընդգծեց Հայր Ռուբենը։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը, հոգևորականը պատասխանեց. «Հույս ունեմ՝ այս առճակատումից չի տուժի մեր պետականությունը, մեր սուրբ եկեղեցու միասնականությունը»։

Հայր Ռուբենը նաև ասաց, որ ազգային եկեղեցական ժողովը ձևավորում է  եկեղեցու  բոլոր թեմերից եկած ներկայացուցիչների կողմից, մեծագույն մասը դրսից է. «Հայաստանի ղեկավարը, եթե հավակնում է գահակալ փոխել, իմ գնահատմամբ, մանդատի չարաշահում է. Էջմիածնում նստող գահակալը միայն Հայաստանում գործող թեմերի կողմից չի ընտրվում»։