Ինչ վերաբերում է Հայաստանին, ԵՄ-ականները այն ևս ողողում են դրամաշնորհներով և դատարկ խոստումներով՝ փորձելով նրան պարտադրել նեոլիբերալ վերաբերմունք, ինչպես Վրաստանի դեպքում, մանիպուլյացնելով հասարակական կարծիքը և ռուսատյատություն սերմանելով։ Այսօր՝ նոյեմբերի 20-ին ճեպազրույցի ժամանակ դրա մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես գիտեք, նրանք այժմ դիտորդական առաքելություն են տեղակայել Հայաստանում, և փաստացի հետախուզական առաքելություն՝ հանրապետությունը ներքաշելով իրենց ռազմաքաղաքական ուղեծրի մեջ։ Կարճ ասած՝ նրանք ցանկանում են ոչնչացնել ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ Եվ, իհարկե, Հարավային Կովկասի երկրներին Եվրամիության առաջարկած բանաձևը պարադոքսալ է։ Այն ձևակերպվել է, և արդեն բացահայտ, հետևյալ կերպ. հետևեք Մոլդովայի և Ուկրաինայի օրինակին՝ երկու հակաեվրոպական ինտեգրման գովազդներին։ Իրականում, նրանք հենց դա են»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ «Արևմուտքի, այդ թվում՝ ԵՄ-ի, ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում իսկապես թափ է հավաքում»։

«ԵՄ-ն իսկապես ատում է նրանց։ Դե, դա փաստ է։ Նայեք, թե ինչ են նրանք անում նույն Վրաստանի հետ»,- ասել է Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ Եվրամիության գործողությունները «Ռուսաստանի հետ դիմակայության գաղափարի ծիրում են»։

«Տարածաշրջանում սպառնալիքներն ու ճնշումները Բրյուսելի քաղաքականության համար մի տեսակ սովորական բան են դարձել»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Վրաստանին որպես «ակնառու օրինակ» է բերել։

«Նրանք բառացիորեն ոլորում են վրացիների ձեռքերը. ուզում են պատժել նրանց սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու փորձերի համար։ Ոչ թե ինչ-որ մեկի հետ կոալիցիա կազմելու, ոչ թե ինչ-որ մեկին աջակցելու համար, այլ պարզապես այն պատճառով, որ այս պետության ժողովուրդը որոշել է ապրել սեփական օրենքներով իր երկրի ներսում։ Ըստ երևույթին, դա արվում է, որպեսզի ուրիշներին խրատ լինի։ Ակնհայտ է, որ քաղաքացիների քվեարկությունը ԵՄ-ի համար կարող է ինչ-որ բան նշանակել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքներն օգնում են երկիրը խաղաքարի վերածել ավելի մեծ խաղում։

Մինչդեռ, արևմտյան շահերը հետապնդող քաղաքական ուժերին թույլատրվում է անել բառացիորեն ամեն ինչ։ Եվ, իհարկե, նրանց կողմից տրվող մեծ գումարների դիմաց»,- շեշտել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։