Խաբվել ենք, փողերը մուծել ենք, չեկերը լրիվ ունենք, որոնք մուծել ենք բանկերով, խաբել են, ասել են՝ ֆրանսիական բանկը տրամադրում է 0.3 տոկոսով վարկեր, մուծումներն արեք, որ տանք վարկը ու հետո անհետացել են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց կիբերխարդախության զոհ են դարձած քաղաքացիներից Ազնիվ Գրիգորյանը։
«Ես դիմել եմ ԱԱԾ, մի տարի տարան–բերին, հետո ասեցին՝ դե չենք կարողանում բռնել այդ հանցախումբը, երբ որ կբռնենք, տեղյակ կպահենք։ Մի տարի ես գնացել, եկել եմ ԱԱԾ ու ոչ մի պատասխան, ոչ մի դրական բան։ Հետո դիմել ենք մեր Արարատ քաղաքի ոստիկանության քննչական բաժին, գործ են հարուցել, մի տարի էլ այդտեղ ենք սպասել։ Ասեցին՝ միևնույն է, ձեր գումարները հետ չեն վճարի։ Մեզ ոստիկանությունում ասացին՝ խի դուք հույս ունեք, որ այդ գումարները հետ կտա՞ն, ոչ մի խումբ էլ չեն բռնի, ոչ մեկին էլ չեն ձերբակալի, ոչ էլ դուք ձեր գումարները հետ կստանաք»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքն անձամբ կորցրել է 5 հազար դոլար։
Հարցին՝ կասկածելի չի թվացե՞լ սխեման, Ազնիվ Գրիգորյանը պատասխանեց. «Դե, եթե կարծեի, կմուծեի՞։ Միայն այն ժամանակ հասկացա, որ խաբում են, երբ վերջում ինձ առաջարկեցին, որ 1200 դոլար վճարեք ձեր մի տարվա վարկի մարումը, որպեսզի մենք հավատանք, որ դուք չեք խաբի վարկը ստանալուց հետո մարումները կանեք։ Նոր հասկացա, ո՞նց, ես հլը վարկ չեմ ստացել, ի՞նչ մի տարվա մարում մուծեմ։ Մի քիչ վիճաբանության մեջ մտա, վիրավորեցի, իրենք սայթից կորան։ Էլ ոչ գրեցին, ոչ պատասխանեցին։ Միայն օնլայն են գրել, ես իրենց չեմ տեսել, ուղղակի մի հատ անձնագրի նկար ուղարկեցին՝ Գայա, չգիտեմ ինչ ազգանունով, որ իբր բանկի ղեկավարն է, որ մենք ենք տրամադրում վարկերը։
Ես բարձր տոկոսով վարկեր ունեի, ես ուզում էի 0.3%–ով վարկը վերցնեի, որ բարձր տոկոսով վարկերս փակեի, կարողանայի ցեխից դուրս գայի, էն էլ ավելի ցեխը սկեցինք ու այդքան պարտքերն էլ ավելացան»։
Կինը պատմեց, որ իրեն մի կիրովականցի աղջկա համար են տվել, ինքը զանգել է, նա էլ հավաստիացրել է, որ ինքը նույն կազմակերպությունից 20 հազար դոլարի վարկ է վերցրել ու շատ գոհ է մնացել, որ կարող եմ հանգիստ խղճով իրենց ասած վճարումներն անել։
«Ոստիկանություն դիմեցինք, այդ աղջկան բռնեցին, բերեցին, եկավ, ասաց՝ դե ինձ այդպես են ասել, ես էլ այդ ձևով ասել եմ։ Այդ աղջկան ոչ մի բան էլ չասացին, բաց թողեցին, ասելով, որ ապացույցներ չունենք»։











