Գեղարքունիքի մարզում հրդեհի ահազանգը ստացվել է նոյեմբերի 21–ին, փրկարար ծառայությունը մեծ թվով ուժեր է ներգրավել դեպքի վայր՝ հրդեհը կանխարգելելու համար, գրեթե մոտ 1400 փրկարար ծառայող մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Վարդազարյանը։

«Հրդեհն իր տեմպերը թուլացրեց նոյեմբերի 22-ի երեկոյան, ինչը հնարավորություն տվեց մեր ուժերը տեղափոխել Տավուշի մարզ, որտեղ նույնպես հրդեհներ են։ Ինչպես գիտեք, Տավուշի մարզում արդեն երեկվանից ակտիվ աշխատանքներ են ընթանում, մոտ 800 փրկարարներ գրավված են աշխատանքներում, ունենք նաև ռեզերվ։ Ներկա պահին իրավիճակը վերահսկելի է։

Մենք նաև ներգրավել ենք ՊՆ–ի մեկ ուղղաթիռ, որի միջոցով իրականացնում ենք հրդեհաշիջման աշխատանքներ։ ՆԳ նախրարությունը նման տեխնիկա ձեռք բերելու անհրաժեշտություն չունի, քանի որ դա համարվում է թանկ պահվող տրանսպորտային միջոց, շատ գումարներ են անհրաժեշտ դա պահելու համար։ Դեռևս մենք ունենք մեթոդներ, որոնք փորձում ենք կիրառել, նման դեպքերում ավելի արդյունավետ, օպտիմալ օգտագործելով օդային տրանսպորտը անտառային հրդեհները մարելու համար։ Մենք փորձում ենք մոդիֆիկացնել եղած ուղղաթիռները՝ անտառային հրդեհների դեմ պայքարի համար։ Փորձում ենք կահավորել հատուկ բակեր, որոնք հնարավորություն կտան ուղղաթիռին ավելի մոտիկից իրականացնելու հրդեհաշիջումը»,–ասաց նա։

Հարցին՝ փրկարար ծառայության ռեսուրսները հիմա բավարա՞ր են, քանի որ սոցիալական ցանցերում կամովորականների խմբեր ձևավորելու հայտարարություններ են լինում, Վարդազարյանը պատասխանեց. «Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ոչ միայն փրկարար ծառայության աշխատակիցները, այլև էկոպարեկները, ոստիկանության ծառայողները, կամավորները, բնակչությունը։ Այնպես, որ ներկա պահին իրավիճակը վերահսկելի է և ուժերը բավարար են։ Իմ տեղեկություններով, հրդեհը դեռ չի մտել ազգային պարկի տարածք, մոտեցել է, բայց չի մտել»։

Նա հավելեց, որ հրդեհներ են եղել Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, որոնք հիմա արդեն թուլացել են կամ մարվել են, միայն մնացել է Դիլիջանի հրդեհը։