Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքները պատահական չեն, այս հակաեկեղեցական արշավը ուղղորդվում է Էրդողանի, Ալիևի, Փաշազադեի կողմից։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ եկեղեցին պառակտելը։ Եթե անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարչապետի կողմից դրածո դրվի, կաթողիկոսը ձերբակալվի, սփյուռքի թեմերը չեն ենթարկվի, ավելին ասեմ, Հայաստանում եղող քահանաների հիմնական մասը չի ենթարկվի դրածոյի որոշումներին, այդ թվում ես, որպես եկեղեցական։ Եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երբևիցե դրածո կլինի իշխանությունների կողմից, որևէ կերպ նման դրածոյի պատրաստ չենք ենթարկվելու։ Մենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Արցախի սրբավայրերի հարցը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվի բանտում լինելու պայմաններում անարժանապատիվ խաղաղություն երբեք չենք ուզում, պատրաստ չենք անարժանապատիվ խաղաղության և առավել ևս իշխանությունների հակասահմանադրական միջամտությանը։
Ինքը որպես շարքային հավատացյա՞լ էր կառավարությունում եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ ընդունում, իհարկե ոչ։ Ինքը որպես շարքային հավատացյա՞լ էր ոստիկանական ուժերով ներխուժում Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, ինքը որպես շարքային հավատացյա՞լ է մատնիչ դավաճան Ստեփան Ասատրյանին դեռևս Հովհաննավանքում թույլ տալիս, որ ինքնիրավչություն անի»,–ասաց նա։
Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանդիպման է հրավիրում Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նույն օրը կայացավ։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։











