Գերակնհայտ է, որ եպիսկոպոսների հետ վարչապետի հանդիպմանը քննարկվել է եկեղեցու բարենորոգման հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը կուսակրոնության ուխտը խախտելու խնդիրը քննարկել է հոգևորականների հետ, որոնց մասին ևս մամուլում տեղեկություններ կան, որ խախտել են այդ ուխտը և զավակ ունեն, նա ասաց. «Նման բան ինձ ծանոթ չէ ու այն պարզ պատճառով ծանոթ չէ, որ մինչև երեկ ընդդիմադիր թևերից ընդհանրապես ոչ մեկ չէր խոսում, որ եկեղեցում կա խնդիր։ Մինչև երեկ ընդդիմադիր մամուլը պնդում էր, որ եկեղեցում եղած խնդիրների, հոգևորականների բարեվարքության մասին չի կարելի առհասարակ խոսել։ Ասում էին՝ եկեղեցին ինքն իր ներսում պիտի լուծի խնդիրները։ Հիմա, երբ որ եկեղեցու ներսից 10 եպիսկոպոս ձեռնամուխ են եղել ներքին խնդիրների լուծմանը, չգիտես ինչի, բանից պարզվել է, որ ընդդիմությունը կարող է այդ մարդկանց թիրախավորել ու ասել, որ մեկը այսպես է, մյուսը այնպես է։

Կներեք, ես այդ օրակարգի մեջ չեմ մտնելու։ Դուք ասել եք՝ հոգևորականների բարեվարքության մասին խոսելը կանոնիկ չի, բա հիմա դուք ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք ուզում։ Իրականում, փաստացի մտել են եկեղեցու բարենորոգման օրակարգի մեջ, իրենք էլ իրենց ձևով են մտել այդ օրակարգի մեջ, բայց չգիտես ինչի թիրախավորում են միայն այն հոգևորականներին, որոնք հանդես են եկել բացահայտ պղծության դեմ։

Նոր հիշեցի՞ք, որ կուսակրոնության ուխտը խախտողներ կան, որ բենթլիով հոգևորականներ կան։ Էդ խի եք փոխում խոսույթը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է Արշակ Սրբազանին վերաբերող տեսանյութի վերաբերյալ փորձաքննության արդյունքները հայտնվել հոգեւորականների ձեռքի տակ, Ալեքսանյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, բայց շատ նորմալ կվերաբերվեմ, եթե իմանամ, որ մեր պետական մարմինները համագործակցել են մեր Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ ձևավորված հանձնախմբի հետ։ Օրինակ, նրանք ինչ-որ մի հարցում են արել, նրանք էլ ինչ-որ մի պատասխան տվել են»։

Նա համաձայն չէ, որ իշխանությունը պառակտել է եկեղեցին. ««Սխալ անջրպետ եք ներկայացնում, իրականում մի կողմում քեռակնոջ հետ կենակցելը նորմալ դիտարկող մարդիկ են, և մյուս կողմում մենք ենք, որ գտնում ենք, որ քեռակնոջ հետ կենակցելը կամ ռոմանտիկ, սիրային հարաբերություն ունենալը աննորմալ է թե  դրսի դաշտում, թե տղամարդկային դաշտում, թե բարոյական դաշտում ու թե առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հոգևորականի տիրույթում։ Ես չգիտեմ դա ինչ աստիճանի անսրբություն է ու սրբապղծություն է։

Կա բացահայտ, ակնհայտ տիեզերական չափերի սրբապղծություն, որը ըստ այդ հանձնաժողովի եզրակացության արել է Արշակ Սրբապիղծը։ Ու կան այլ խնդիրներ, որոնք առկա են եկեղեցում ու դրա մասին էլ ենք մենք խոսում։

Հարգելի ընդիմադիր գործիչներ, երբ որ մենք բարձրացրեցինք Կտրիճ Ներսիսյանի և Արշակ Սրբապիղծի հարցերը, գայիք ասեիք՝ հլը մի րոպե, ավելի վատ հոգևորականներ կան, բայց չէ, այդպես չէր»,– ընդգծեց Վահագն Ալեքսանյանը։

Նա պնդեց, որ կաթողիկոսի հեռացումը ժամերի հարց է. «Սրանից երկու օր առաջ էլ մեր հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցում պնդում էի, որ շատ ու շատ հոգևորականներ կան, բացարձակ մեծամասնությունը չի ընդունում Կտրիճի գահազավթ կարգավիճակը, ու կիսաքմծիծաղային հայացքներ էի տեսնում ընդդիմադիր լրագրողների աչքերին։ Հիմա կարծես թե հայացքները նրանց փոխվել են։ Հիմա էլ ասում եմ էլի, ժամերի հարց է ու դա ակնհայտ է, որովհետև փաստացի Հայաստանի թեմերի մի շատ մեծ մասը, հետևորդների թվում ամենամեծ թեմերը փաստացի հայտնում են, որ իրենք պատրաստ չեն սրբապիղծ անձի և սրբապղծությունը կոծկողի ու սրբապղծության հետ հաշտ եղողի հետ ճանապարհ անցնել»։

Հարցին՝ ի՞նչ մեխանիզմ կա, որ կաթողիկոսը հեռանա պաշտոնից, Ալեքսանյանը պատասխանեց. «Ինքը շատ-շատ մոտակա ժամանակներում իր ոտքով կհեռանա և Աստծո կամքով։ Առաջինը Աստծո կամքով, հետո արդեն ինքն իր ոտքով»։