Դեռևս պարզ չէ, թե ինչի հետևանքով է այսօր՝ դեկտեմբերի 1–ին փլուզվել դաշնամուրի նախկին գործարանի շենքի մի հատվածը, բայց ակնհայտորեն լուրջ հետևանքներ է կրել։
ՆԳՆ հաղորդած նախնական տվյալներով փլուզվել է եռահարկ շինություն, որը ծառայել է որպես տնտեսական ապրանքների և սննդի պահեստ։
Գործարանը գտնվում է բնակելի շենքի մոտ և այս հատվածը եղել է բնակիչների անցնելու հիմնական ճանապարհը։ Քաղաքացիներ են անցնելիս եղել և մի հոգի ոտքի շրջանում ստացել է վնասվածք և հոսպիտալացվել է։
Ականատես բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Մոտիկացա շուշաբանդին, որ տեսնեմ խանութը բաց է, թե չէ։ Միանգամից մթնեց, հողը բարձրացավ վերև ու նստեց։ Մեկ էլ տեսա, որ շենքը փլվել է։ Մարդիկ հավաքվեցին, հետո շտապօգնությունը եկավ, հրշեջները եկան։ Բոլորը նայում էին, ուզում էին ճանապարհ գտնեն, որ կարողանան մտնել ու օգնություն ցուցաբերել, բայց չէին կարողանում, որովհետև սաղ փլվել էր իրար վրա։ Չկարողացան ոչ մի բան անել, շներին հավաքեցին, տարան։ Դա պետք է տրակտոր գա, մաքրի տարածքը, որ կարողանան տեսնել՝ մարդ կա՞, թե՞ չկա մեջը։
Աշխատանքային ժամ էր, պարզ է, որ ամեն մարդ իր տեղում աշխատում էր։ Գերմանական խանութը ամենաներքևում է, մնացել է տակը։ Հիմա եթե իրանք բաց լինեին, ուրեմն տակն են իրենք»,–ասաց նա։
Մեկ այլ բնակիչ էլ պատմեց. «Ժամը 10:05-ի սահմաններում մոտեցա պատշգամբին, դուրս նայեմ, մեկ էլ տեսա, էլ բան չի երևում, թոզը դումանը բռնեց։ Մարդիկ խուճապահար փախչում էին այս կողմ, այն կողմ, մեքենաները սաղ կանգնեցին, պտտվում գնում էին։ Առաջին հայացքից չջոկեցի՝ ինչ է, չպատկերացրի, որ կարող է շենքը փլվի։ Ես ասեցի՝ երևի հրդեհ է, ավտո է հրդեհվել։ Մի քիչ հետո, որ փոշին նստեղ, տեսա, որ Լենինականի, Սպիտակի ավերակներն են։ Այդ փլված հատվածի տակը գերմանական գործիքների խանութ էր, երեք-չորս հոգի էդտեղ աշխատում է։ Տա Աստված, որ մարդու բան եղած չլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։











