«ԱԱԾ–ից ինձ մոտ եկել էին իրենց ծառայությունը կատարելու համար այն դեպքում, եթե վարչապետը այցելի մեր եկեղեցի»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը՝ հերքելով իր ավելի վաղ հայտնած տեղեկությունները, որ ԱԱԾ աշխատակիցները իրեն են դիմել՝ խնդրելու, որ գալիք կիրակի, եթե վարչապետը որոշի մասնակցել իր մատուցած պատարագին, աղոթքի ժամանակ ինքը չտա Վեհափառի անունը։  

Տեր Ռուբենը վստահեցրեց, որ ԱԱԾ աշխատակիցներն իր հետ նման խոսակցություն չեն ունեցել, այդ հարցով իր հետ կապ է հաստատել Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանը, որը 2018-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողներից էր:

«Ինքն ինձ ասել է, որ այդ հարցն է լինելու, ես էլ իրեն ասեցի, որ կարգը դա է։ Ինքն էլ ասել է՝ շատ լավ, ձեր անելիքն է, ձեր գիտելիքն է։ Ոչ հակադրություն, ոչ մի բան չի եղել, նորմալ հասկացել ենք իրար։ Այստեղ հարց բարձրացնելու կարիք չկա, ես կանոնական քահանա եմ, պատարագների ժամանակ հայրապետի անունը տրվում է, սրբազանի անունը տրվում է, պատարագիչ քահանահոր անունը տրվում է։ Դա կանոնականի մեջ է մտնում, եթե որևէ մեկի անունը չի տրվում, դա անկանոն պատարագ կհամարվի։

Կարենն ասել է՝ մարդիկ ձեզ կզանգահարեն, կգան և այլն, բայց չեն եկել։ Սաղ խնդիրը ինքն է արել, չես հասկանում ինչի համար է տենց բան արել։ Ինքն ասել է, որ տենց բան չի ասել ինձ, բայց լավ էլ ասել է, ստում է, ստախոս է ինքը»,– ասաց Տեր Ռուբենը։ 

Տեր Ռուբենը վստահեցնում է՝ ինքը ոչ մի դեպքում չի զեղչելու Կաթողիկոսի անունը  պատարագի ժամանակ, քանի որ դա հակականոնական է։ Բայց դեմ չէ, որ Փաշինյանն իր մատուցած պատարագին մասնակցի։

«Մեր ծառայությունը միշտ եղել է, մեր դռները բոլորի համար բաց են, մեր հարգարժան, սիրելի վարչապետը երկու տարի առաջ եղել է մեր եկեղեցում հուղարկավորության, կարող է ուզենա՝ գա մեր եկեղեցի, կարող է գնա «Յոթ վերք եկեղեցի, ուր որ կուզի կարող է գնա։ Մինչև իր գալը, այդ տեղերը որտեղ պիտի գա, ապահովում են անվտանգությունը, ամեն ժամանակ միշտ այդպես է եղել, այտդեղ որևէ հարց չկա, իրենք իրենց ծառայություն են անում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գնում է միայն այն եկեղեցիներ, որտեղ չի հնչում կաթողիկոսի անունը, նա արձագանքեց. «Լավ, բայց ինչի՞ համար է գալիս, լսելու՝ մենք տալիս ենք, թե չե՞նք տալիս անունը, թե՞ գալիս է պատարագի մասնակցելու, հոգևոր սնունդ ստանալու, կամ հաղորդություն վերցնելու, մեղքերը քավելու, ինչպես ինքն է ասում»։

Նշենք, որ ավելի վաղ տեր–Ռուբենը «Ազատության»–ը ասել էր, որ Գյումրիի ԱԱԾ–ականները եկել են իր հետ հանդիպել են և առաջարկել են պատարագի ժամանակ, որին կմասնակցի վարչապետը, կաթողիկոսի անունը չտալ։