Շիրակի թեմում, որի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանքի տակ, է, անկախ քաղաքական հայացքներից, միասնականություն կա պատարագներին կաթողիկոսի անունը չզեղչելու առնչությամբ՝ վստահեցնում է Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Պանֆյորովը։ 

«Բացառված է, որ պատարագի ժամանակ չհնչի Վեհափառի անունը, որովհետև եկեղեցական կանոնը պահանջում է, որպեսզի մենք մեր արարողությունը անենք և որևէ աշխարհական չի կարող խառնվել դրա մեջ։ Դա մեր նախնիների հանդեպ մեր առաքելական հաջորդականության հանդեպ մեղք է, այնպես որ չի կարող լինել այդպիսի բան։ Հիշատակություն պետք է լինի և կլինի»,– NEWS.am–ի հետ զրույցում նշեց նա՝ անդրադառնալով տեղեկություններին, որ գալիք կիրակի վարչապետն ուզում է պատարագի մասնակցել Գյումրիում եւ այդ պատճառով նրա թիմը Շիրակի թեմի քահանաներին է դիմել՝ պարզելու, թե նրանցից ով է պատրաստ պատարագին չտալ կաթողիկոսի անունը։ 

Տեր Նշանը հայտնեց, որ որեւէ մեկն իրեն այդ հարցով չի դիմել, դիմում են միայն այն քահանաներին, որոնք հայտնի են իրենց իշխանամետ դիրքորոշումներով։  

«Իշխանություններին լոյալ քահանաներ կան, հավանաբար, ԱԱԾ-ի աշխատողները գտել են, թե ովքեր են նրանք, նրանց են դիմել, ինձ չեն դիմել։ Մեր եկեղեցում ազատություն է, բնականաբար, կարող են լինել նաև այս կամ այն գաղափարին, այս կամ այն անձանց մոտեցումներին հարող քահանաներ, դա նորմալ է։ Օրինակ, տեր Ռուբենը չի թաքցնում դա, ասել է՝ «մեծարգու վարչապետ», բայց միաժամանակ Տեր Ռուբենը ասել է, որ 25 տարի կաթողիկոսի անունը տվել է, էլի կտա»,–ասաց նա։

Տեր Ռուբենը այն քահանան է, որը նախօրեին հայտնել էր, որ իրեն ԱԱԾ–ից այդ հարցով դիմել են, սակայն ինքը հրաժարվել է համաձայնություն տալ կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ չհնչեցնելուն։ Չնայած նա նախօրեին բառացիորեն ասել էր այդ մասին լրատվամիջոցներին, այսօր NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, թե ԱԱԾ աշխատակիցները եկեղեցի են գնացել միայն իրենց ծառայողական պարտականությունների բերումով եւ կաթողիկոսի անունը զեղչելու վերաբերյալ խոսակցություն իր հետ չեն ունեցել։   

Անկախ քաղաքական հայացքներից, Տեր Նշանի խոսքով, Գյումրիում չեն հրաժարվի ընդունել Նիկոլ Փաշինյանին, եթե նա որոշի պատարագի մասնակցել որեւէ եկեղեցում. «Ցանկացած անձնավորություն, ցանկացած հայ, որը նզովված չի, բանադրված, հեռացված չի եկեղեցուց, կարող է այցելել ցանկացած եկեղեցի, պատվել, որտեղ էլ որ կամենա, դա իր ազատ կամքն է, եկեղեցու դռներն էլ բաց են՝ անկախ նրանից, թե որևէ մեկի համար հաճո կամ անհաճո անձնավորություն է։ Բայց որևէ մեկը չի կարող միջնորդել, որ հայրապետի, թեմական առաջնորդի անունները չտրվեն»։