Իշխանության մեթոդն է սկզբում վարկաբեկել, հետո ամենաայլանդակ, ամենաանտրամաբանական մեթոդներով ներկայացնել մեղադրանքներ. Նույնը Արշակ Սրբազանի պարագայում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արշակ Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն և ձերբակալելուն։

«Իշխանությունները չեն մարսում այն նզովքը, որ արեց Արշակ Սրբազանը։ Դրա համար սկզբում որոշել են վարկաբեկել, այնուհետև փորձել քրեական տարբեր գործերի հետ կապել, հետագայում էլ ամենաայլանդակ ձևով տանել սահմանափակումների։ Այսպիսի բան ուղղակի չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ, նույնիսկ թաթար-մոնղոլական ժամանակներում չի եղել։

Ես դիմում եմ նաև այն սրբազաններին, որոնք այսօր հրապարակային դուրս են եկել այսօրվա եկեղեցական իշխանության դեմ։ Հարգելի սրբազաններ, այն, ինչ որ ձեզ ներկայացվում է իշխանության կողմից, ձեզ օգտագործում եմ որպես գործիք։ Ես խնդրում եմ, մի ենթարկվեք, մի կատարեք այդ բաները։ Անգամ նույնիսկ, եթե խնդիր կա եկեղեցու ներսում, դա եկեղեցու ներսում լուծվող հարցեր են, դրանք չեն կարող քաղաքական իշխանության, կամ նույնիսկ քաղաքական ընդդիմության համար դառնան գործիքներ։ Դուք մի դարձեք այդ խաղի մասը։ Դուք եթե իսկապես հավատարիմ եք հայ եկեղեցուն, երբեք հայոց պատմության մեջ չի եղել, որ հայ եկեղեցու ներքին հարցերը փորձեն լուծել քաղաքական իշխանության միջոցով, եթե անձնական նպատակներ չեն հետապնդում։ Անգամ նույնիսկ եթե ձեր հոգևոր եղբայրներից նեղված եք, նեղացած եք, այդ խնդիրները լուծեք ներսում, մի պառակտեք եկեղեցին։ Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ միայն եկեղեցում իշխանափոխություն իրականացնելն է, այլ նաև Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դավանող արժեքները վերացնելը, վերափոխելը»,– հայտարարեց նա։

Անդրադառնալով նրան, որ երեկ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ԱԱԾ աշխատակիցներին խնդրել է գնալ Շիրակի թեմի հոգևորականների մոտ և հորդորել, որ Վեհափառի անունը չտան պատարագի ժամանակ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ակնհայտ է, որ սա իրավական տեսակետից լիազորությունների վերազանցում է, քրեորեն պատժելի արարք է, որովհետև ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնական որևէ գործառույթի մեջ դա չի մտնում։ Դա հակաօրինական է, լիազորությունների վերազանցում է և բնականաբար ենթակա է քրեական պատասխանատվության, էլ չասած, որ մեկ այլ քրեական հոդվածով էլ նախատեսված է կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը միջամտելը, խոչընդոտելը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա իշխանությունները ակնհայտորեն կատարել են այսպիսի արարքներ և շարունակում են կատարել։ Ինքն ո՞վ է, որ խնդրի, խնդրանքը ո՞րն է: Ինքը կամ գործում է իր լիազորության սահմաններում, կամ չի գործում»։