«Զոն նայողների» մշակույթը ՔԿՀ–ներում միշտ եղել է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։

«Եթե նայեք վերջին տարիներին դատախազության, ՄԻՊ-ի, դիտորդական խմբի հաշվետվությունները, կտեսնեք, որ մենք տարեցտարի քրեական մշակույթի հետ կապված շատ լուրջ հաջողություններ ունենք։ Իհարկե, իսպառ չի վերացել քրեական ենթամշակույթը, բայց ես հակադարձ հարցը տամ՝ մեր հասարակության մեջ իսպառ վերացե՞լ է քրեական ենթամշակույթը։

Մենք քրեակատարողական հիմնարկներում ունենք բոլոր այն երևույթները, որոնք մենք ունենք իրականում հասարակության մեջ, այսինքն մեր հասարակության մեջ։ Բոլոր շերտերով, բոլոր խնդիրները ավելի վառ և ավելի խտացված տարբերակով  մենք ունենք ՔԿՀ–ներում»,–ասաց նա։

Անդրադառնալով երեք օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեղի ունեցած դեպքին, որտեղ, ըստ լուրերի, ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր աշխատասենյակում բաժնի օպերատիվ ծառայողների հետ ծեծի են ենթարկել ռեժիմի աշխատակիցներից մեկին՝ ծեծն ուղեկցելով այլանդակ հայհոյանքներով, Ծովինար Վարդանյանն ասաց. «Այնտեղ եղել է կոնֆլիկտային իրավիճակ և դրա հետ կապված ծառայողական քննություն է նշանակվել, հանգամանքները կպարզվեն։ Դա աշխատակիցների միջև տեղի ունեցող կոնֆլիկտային իրավիճակ է եղել, որը ծեծ է եղել թե չէ, մենք հետագայում մեր ուսումնասիրությունների արդյունքում կպարզենք, բայց դա քրեական ենթամշակույթի հետ կապ չունի»։

Ինչ վերաբերում է նույն «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ամսիներ առաջ ցմահ դատապարտյալներին ծեծի ենթարկելու դեպքին, նա նշեց. «Քրեական վարույթ նախաձեռնվել է։ Այդտեղ մենք գործ ունենք ոչ թե ծեծի, այլ համաչափ ուժի կիրառման հետ»։