Մեր ցանկացած գործողություն պետք է բխի օրենքից. օրենքներում մենք չունենք այդպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք իր տղայի կամ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը՝ անդրադառնալով հայտնի աղմկահարույց տեսանյութին, որտեղ մի շումդ դեռահասներ ծեծի են ենթարկում իրենց հասակակցին, և նրանցից մեկը «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։

«Մենք քրեակատարողական հիմնարկներում ունենք 2845 ազատությունից զրկված անձ. եթե մենք այս տեսանկյունից ենք փորձում նայել երևույթներին, ուրեմն պետք է բոլոր այդ անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ և պահանջ ներկայացնենք այդ անձանց աշխատանքից ազատելու»,–ասաց նա՝ չհամաձայնելով, թե դրանով անպատժելիության մթնոլորտ է ստեղծվում։

«Ես իմ փորձով կիսվեմ, ՔԿՀ–ներում վերջին տարիներին անչափահասների թիվը նվազագույնն է եղել։ «Մեկ անգամ ունեցել ենք դեպք, որ անչափահաս ազատությունից զրկված անձ չենք ունեցել։ Այս պահին մենք ունենք վեց անչափահաս ազատությունից զրկված։ Այս անչափահասները սովորաբար հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում ամենածանր հանցանքների դեպքում, այսինքն մնացած դեպքերում պետությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ այս անձինք չհայտնվեն ՔԿՀ–ներում և, այսպես ասած, կրկնակի հանցածին իրավիճակում չհայտնվեն։ Դա շատ լավ է և որը որ տվել է իր արդյունքները։ Մենք ունենք 5 անչափահաս, որոնք իրականացրել էին այդ ծեծը և իրենցից 4–ը կալանավորվել էր։ Մենք այս վերջին վերջին վեց-յոթ տարիներին չենք ունենա այնպիսի դեպք, որ անչափահասը կալանավորվում է ծեծի հոդվածով։ Այսինքն սա նաև աննախադեպ էր այս տեսանկյունից»,–ասաց նա՝ հավելելով, որ իր համար շատ մտահոգիչ է այս դեպքը։