Ինչու՞ է իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում՝ մեր պետությունը մեր ինքնությունն է, հետևյալ պատճառով, եթե մենք հիմա խոսենք հայկական ինքնության մասին, ի՞նչ կհիշատակենք առաջին երեք բանը. իմ կարծիքով մենք կհիշատակենք հայոց գրերը, քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին իր հերթական դասախոսության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ամբողջ խնդիրն այն է, որ այս երեք առանցքային ինքնության սյուները մենք ձեռք ենք բերել պետության շնորհիվ և պետական որոշումների արդյունքում։ Ինչո՞ւ ենք մենք քրիստոնյա, որովհետև Տրդատ մեծ թագավորը առավոտյան վերակացել և հրովարտակ է ստորագրել, որ մենք այլևս քրիստոնյա ենք, ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու չկա։
Հաջորդը, ինչու և ինչպես են ստեղծվել հայոց գրերը, Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը ու՞ր են գնացել այդ հարցի լուծման համար, ում են դիմել։ Դիմել են Վրամշապուհ արքային, ասել են՝ թագավորն ապրած կենա, այն որ դուք 100 տարի առաջ որոշմամբ քրիստոնեություն եք ընդունել, մեր վրա էլ դրել եք պարտականություն, որ մենք քրիստոնեությունը տարածենք, մի դար անցել է, բայց մեր մեր բնակչության մեծամասնությունը շարունակում է մնալ հեթանոս, չի մտնում քրիստոնեությունը մարդկանց մեջ։ Ինչու՞, որովհետև հնարավորություն, գործիք չունենք մարդկանց հաղորդակից դարձնելու քրիստոնեության հետ, որովհետև առանց Աստվածաշնչի թարգմանության, հայերեն Աստվածաշնչի հնարավոր չի տարածել քրիստոնեությունը։
Եվ Վրամշապուհ արքան է ասել՝ գիտեք ինչ, մի հատ Դանիել Ասորի կա, որը ինձ ասել է, որ ինքը ունի հայերեն նշանագրերը, գնացեք այդ նշանագրերը բերեք։ Գնացել են, բերել են Դանիելի գրերը, հետո պարզվել է, որ լեզուն զարգացել է և այդ տառերը չեն արտահայտում հայերենը։ Դրանից հետո Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը ձևավորվել է և և Վրամշապուհ արքան անձամբ է դուրս եկել թափորի գլխավորությամբ Մեսրոպ Մաշտոցին դիմավորելու, երբ որ նա վերադառնում էր առաքելությունը կատարած։
Այս դրվագը ևս մի ապացույց է, որ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը պետական առաքելություն էր։ Ի դեպ Մեսրոպ Մաշտոցը կրոնավոր դառնալուց առաջ պետական պաշտոնյա էր, ինքը կրոնավոր դարձել է, ըստ ամենայնի, կրթական համակարգում աշխատանքի անցնելու համար, որովհետև այն ժամանակ կրթվելու ուրիշ տեղ, քան եկեղեցին, չկար»,–ասաց Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին աշխարհի անկախ եկեղեցիներից մեկն է, ինքնուրույն եկեղեցիներից մեկն է, որը մեզ համար հպարտության աղբյուր է։ մեր եկեղեցին անկախ է մի պատճառով, որովհետև, ինչպես գիտեք, 373 թվականին, երբ որ Ներսես կաթողիկոսը մահացավ, անհրաժեշտություն կար նոր կաթողիկոսի ընտրություն կազմակերպելու։ Այն ժամանակ կաթողիկոս չէր, եպիսկոպոսապետ էր կոչվում, որը նշանակվում էր Կեսարիայի մետրոպոլիայի կողմից։
Այդ ժամանակ Պապ թագավորը, որը ընդամենը երեք տարի էր թագավորում, ասաց՝ մի րոպե, մենք անկախ պետություն ենք, ինչու պետք է մեր կաթողիկոսին նշանակեն Կեսարիայից։ Մենք կարող ենք ինքնուրույն դա անել, և Պապ թագավորի որոշմամբ որոշվեց, որ այսուհետև Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը կընտրվի տեղում՝ հայաստանցիների կողմից։ Ուրիշ պատճառ գոյություն չունի, թե ինչու է Հայաստանյայց առաքելական եկեղեցին անկախ։
Ինչու՞ է Մայր աթոռը Էջմիածնում։ Մի պատճառն այն է, որ միածինը իջել է այդտեղ, բայց ինչու է այդտեղ իջել, որովհետև ինքը իջել է մայրաքաղաքում, պետության մայրաքաղաքը եղել է Վաղարշապատը։
Հետևաբար սա է պատճառը, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է՝ մեր պետությունը մեր ինքնությունն է։ Բայց որպեսզի հանկարծ որևէ հարց չծագի այս թեզի հետ կապված, հարց է առաջանում՝ 301 թվից առաջ մենք հայ եղել ենք, թե չենք եղել, մենք հայ կոչվել ենք, թե չենք կոչվել։
Բնականաբար կոչվել ենք, բա քրիստոնեությունն էլ չի եղել, տառերն էլ չեն եղել, Հայաստանյայց առաքելական եկեղեցին էլ չի եղել, բա ո՞նց է, որ մենք հայ ենք կոչվել։ Մենք հայ ենք կոչվել մեր պետության քաղաքացիիների, մեր թագավորների հայ լինելու պատճառով, մեր երկրի Հայաստան լինելու պատճառով, որովհետև դրանից 300 տարի առաջ էլ ենք մենք հայ եղել, 400 տարի առաջ էլ ենք մենք հայ եղել, 500 տարի առաջ էլ։
Հետևաբար մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունը»,– ընդգծեց նա։











