ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցի լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։ Նա այդ մասին ասել է Գերմանիայում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին։

«Դա շատ զգայուն հարց է։ Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան թե հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում այս խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։

Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրներ նույնպես։ Դա է մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Փաշինյանը։