Գերմանիայում բնակվող հայ երիտասարդների և համայնքների ներկայացուցիչների մի խումբ երեքշաբթի օրը բողոքի ցույց է անցկացրել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին՝ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման համար: Ցուցարարները հավաքվել են կանցլերի գրասենյակի դիմաց՝ ուշադրություն հրավիրելու համար, իրենց բնորոշմամբ՝ Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ աճող ավտորիտար միտումների վրա:

Ըստ ցուցարարների՝ եվրոպական կառավարությունները շարունակում են Փաշինյանին ընկալել որպես ժողովրդավար առաջնորդ, սակայն Հայաստանում իրականությունը, նրանց համոզմամբ, «հակառակի մասին է վկայում»: Ցուցարարները հայտարարել են, որ ձգտում են իրենց մտահոգություններն ուղիղ փոխանցել Գերմանիայի իշխանություններին և միջազգային հանրությանը:

Նրանք պահանջել են ազատ արձակել Հայաստանում քաղբանտարկյալներին, դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումները և հրաժարվել քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմինների և դատական ​​համակարգի օգտագործումից:

Հայկական ընդդիմության տվյալներով՝ երկրում ներկայում քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով կալանավորված է ավելի քան 60 մարդ, նրանց թվում՝ չորս արքեպիսկոպոսներ և մի քանի այլ հոգևորականներ:

Բողոքի ցույղի մասնակիցները միաժամանակ Գերմանիային կոչ են արել բարձրացնել Ադրբեջանում դեռևս պահվող հայ գերիների հարցը։

Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը՝ Արշակ Մակիչյանը, NEWS.am-ին հայտնել է, որ Գերմանիայում բնակվող երիտասարդ հայերը ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի դառնա։ «ՀՀ վարչապետի հայտարարությունները չեն արտացոլում ժողովրդի դիրքորոշումը, առավել ևս՝ հայերի մեծամասնության տեսակետները։ Ոչ մի կառավարություն իրավունք չունի լռեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր ենթարկվել են սարսափելի հանցագործությունների»,- ասել է նա։ Նա հավելել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները պետք է լսեն տուժածներին և չհիմնվեն միայն ՀՀ կառավարության դիրքորոշման վրա։

Մակիչյանը ընդգծել է նաև, որ անհրաժեշտ են իրական գործողություններ, այլ ոչ թե սոսկ գործընկերության մասին պաշտոնական հայտարարություններ։ Նա զգուշացրել է, որ երկրորդ հայոց ցեղասպանությունը՝ խոսքը 2023 թվականին հայերի էթնիկ զտումների մասին է, գործնականում աննկատ է մնացել միջազգային հանրության կողմից և այժմ փաստացիորեն ստանում է արևմտյան երկրների լուռ հավանությունը։ «Մենք այստեղ ենք լռությունը խախտելու համար։ Մենք արդարություն ենք պահանջում Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,- հայտարարել է նա։

Բողոքի ցույցի մասնակիցները նշել են, որ իրենց նպատակը սոսկ դժգոհություն հայտնելը չէ, այլ հասնել նրան, որ հայկական Սփյուռքի, մասնավորապես՝ երիտասարդ սերնդի, մտահոգությունները լսելի լինեն ամենաբարձր դիվանագիտական ​​մակարդակով։

VLM08540.JPG (229 KB)

VLM08572.JPG (271 KB)

VLM08607.JPG (207 KB)

VLM08669.JPG (225 KB)

VLM08697.JPG (268 KB)

VLM08713.JPG (197 KB)

VLM08722.JPG (251 KB)

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ voleemor-ի