Տնտեսությունը առաջին հերթին քաղաքականություն է, հատկապես, եթե դա վերաբերում է վառելիքի,, էներգիայի, որովհետև դրանք ռազմավարական նշանակության ունեցող ապրանքներ են, և շատ կարևոր է, որ Ադրբեջանից հենց վառելիք են ներմուծում Հայաստան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Վերջին, մեկ-երկու տարվա ընթացքում հիմնական խոսակցությունն այն մասին է, որ Հայաստանը կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից, և դրա համար նաև այս էլեկտրացանցերի շուրջ եղած պատմությունը սկսվեց։ Եվ բոլոր հետազոտական վերլուծություններում, նաև ռեկոմենդացիաներում խոսք է գնում, որ Հայաստանը պետք է այդ կախվածությունից ազատվի։ Ու բնականաբար կախվածությունից մենք պետք է ազատվենք և պետք է տարբեր տեղերի հետ փորձենք աշխատել։ Բայց ես կարծում եմ՝ հակառակ գործընթացն է գնում, և Ադրբեջանը փորձում է վերցնել Հայաստանի շուկան էներգակիրների ոլորտում, նաև էլեկտրացանցերի հետ կապված պատմությունը միտված է նրան, որ մտնեն թուրքական և ադրբեջանական ազդեցության գոտի արդեն ռազմավարական առումով։

Սա փափուկ ուժ չի, սա նշանակում է ռազմավարական առումով կախվածության մեջ դնել։ Հիշու՞մ եք Արցախում ինչ քաղաքականություն էր վարում Ադրբեջանը 2020 թվականից հետո։ Ինքը թույլ չէր տալիս գազ մուտք գործի Արցախ, էլեկտրահոսանքները չլինեն, և ինքը կապում էր իր ցանցերի հետ, գազը ինքը պետք է տար, հոսանքը ինքը պետք է տար, երբ պետք է՝ միացնում էր, երբ պետք է՝ անջատվում էր։ Հիմա նույն բանը փորձում են անել Հայաստանի հետ, երբ պետք լինի՝ վառելիքը կգա, երբ պետք չլինի՝ չի գա։ Երբ պետք լինի՝ հոսանքը կանջատեն, երբ պետք լինի՝ կմիացվեն։ Այս առումով Հայաստանը լինի կախվածության մեջ Ադրբեջանից, հաջորդ փուլում նաև Թուրքիայից։

Պատահական չէր, որ  Թուրքիայից հայտարարել էին, որ իրենք կբացեն Մարգարայի անցակետը ընտրություններին ընդառաջ։ Այսինքն հունիսի ընտրություններին ընդառաջ իրենք պետք է ցուցադրեն նման ինչ-որ գործողություններ, աջակցություններ, որպեսզի իրենց վասալը Հայաստանում վերարտադրվի և շարունակի վասալացման գործընթացը և նոր տարածքային զիջումների գնա Հայաստանը, որի մասին իրենք բացահայտ խոսում են»,–ասաց Ստեփան Դանիելյանը։