Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը չի բացառում, որ իրավապահները կարող են ձերբակալել Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին։

«Կարող է լինել նման բան, վաղուց քաշքշում են, տարբեր քրեական գործերով տարբեր կարգավիճակներ են տալիս Արցախի պետական պաշտոնյաներին, այդ թվում, հիշու՞մ եք Դավիթ Գալստյանին տևական ժամանակ անհիմն ապօրինի կերպով ձերբակալեցին, հետո կալանավորեցին և այլն։ Այսինքն միանշանակորեն հավանականությունը բարձր է»,– Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ այս ճնշումները ինչքանո՞վ կազդեն Արցախ հավաքական վերադարձի արցախցիների և Արախի ղեկավարության դիրքորոշման վրա, Բեգլարյանը պատասխանեց. «Ես պաշտոնյա չեմ ես ուղղակի հանրային հասարակական գործիչ եմ, իրավապաշտպան, իմ դիրքորոշման վրա չի կարող որևէ կերպ ազդել որևէ հանգամանք։ Ես ուզում եմ վերադառնալ ու ես տեսնում եմ, որ իմ բազմաթիվ հայրենակիցներ ցանկանում են վերադառնալ, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, իսկ պայմաններ ստեղծելու համար պետք է Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես միջազգային հանրությունում այս հարցը բարձրացնի, այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում»։

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որ խոսում է Արցախը վերադարձնելու մասին, այդ մարդիկ ասում են, որ պետք է նոր պատերազմ լինի՝ նոր զոհերով ու նոր կորուստներով, Արցախի նախկին պետնախարարն ասաց. «Ինքը շատ սխալ, հերթական մանիպուլյացիան է անում։ Ոչ, մենք կողմ ենք արդարությանը և իրավունքների պաշտպանությանը։ Ուզում եմ հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը, երբ ստորագրում էր միջազգային դատարաններին ուղղվող հայցերի տակ կամ իր կողմից լիազորվում էր այդ հայցերը, ինքը չէր մտածո՞ւմ դրա մասին։ Ինքն է համաձայնությունը տվել, որ դատարանի նման հայց ներկայացնեն մեր տեղահանումից հետո, 2023 թվականի հոկտեմբերին։ Կամ միջազգային պարտավորություններ ստանձնելիս, օրինակ փախստականների մասին կոնվենցիան, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ու սահմանադրությամբ պարտավորություններ է ստանձնել իրավունքների հետ կապված։ Այդ կոնվենցիայում հստակ գրած է, որ փախստականները վերադառնալու իրավունք ունեն և հյուրընկալ պետությունը պարտավոր է առավելագույնը կատարել նրանց վերադարձի համար։ Մենք չենք ասում պատերազմեք, մենք ասում ենք քաղաքական օրակարգ բեր այդ հարցը և միջազգային դատարանի հրամանը կատարելու համար դիմիր միջազգային համապատասխան կառույցներին ու պետություններին և ասա, որ այս հրամանը Ադրբեջանը անբարեխիղճ կերպով չի կատարում։

Ուզում եմ հասկանալ, սա արդյոք պատերազմ է, թե՞ չէ։ Այսինքն սա նշանակում է, որ ինքը իրավունքները ոտնահարում է, ինքը իր պարտավորությունները չի կատարում, գնում անձամբ իր ստանձնած պարտավորությունները՝ դատարան դիմելու հիմքով»։