Արարատի ՔՊ–ական համայնքապետ Ասլան Ավետիսյանը տարիներ առաջ՝ 2013–ին, իր տղաների հետ սպանել էր իր համաքաղաքացի Գյանջիրով Հովնանյանին, ով իմ հայրն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գայանե Հովնանյանը։

«Հասանք նրան, որ նրա փոքր տղյին՝ Նարեկ Ավետիսյանին, մեղադրանք առաջադրեցին, բայց ոչ թե առանձին դաժանությամբ սպանության համար, այլ ինքնասպանության հասցնելու։ Մինչ այդ դա էլ չունեինք։ Երկարատև պայքարից հետո հասանք նրան, որ ավագ որդուն՝ Հովհաննես Ավետիսյանին էլ մեղադրանք առաջադրվեց։

Օգոստոսի 9-ին նշանակված դատական նիստին իրենք իրենց հարիր ոճով բացակայել էին։ Ես միջնորդեցի, որ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի հիմքով փաստաբանին նախազգուշացում տան կամ հեռացնեն։ Այս հիմքով դատարանը նախազգուշացում տվեց։

Մենք միջնորդեցինք, որ անպայման կիրառվի խափանման միջոց կալանավորում։ Կալանավորման միջնորդության մասին լսելիս չգիտեմ ինչ կատարվեց, վախեցած գույները փոխեցին, սկսեցին SMS-ներ գրել, խառնվեցին իրար և իրենց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց 30 րոպե ժամանակ տրամադրել։ Ընդմիջման ժամանակ նա բանավոր դատախազին հայտնեց, որ պատրաստ են 2 միլիոն դրամի գրավին։ Երբ դատարանը վերադարձավ, երկու եղբայրները դատարանին հայտնեցին, որ ընդունում ենք մեր մեղքը, մինչդեռ 13 տարի ասել էին, որ ոչ մի բան ոչ տեսել են, ոչ լսել են, ոչ խաբար են»,–ասաց նա։

Գայանե Հովնանյանը նշեց, որ ինքը դատախազին կոչ է արել օբյեկտիվ լինել, որքան էլ, որ մեղադրյալները վայելում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի հովանավորությունը. «Թերևս շատ կարևոր հանգամանք եմ համարում ասել, որ ՔՊ–ի նեղ շրջանակներից մեզ փոխանցվել էր հետևյալը, որ վարչապետը հիշել է, որ Ասլանը իր տղաների հետ մարդասպան է և որոշում է կայացնել, որպեսզի իրենք պետք է կալանավորեն և դատապարտվեն։

Նաև հստակ նաև փոխանցեցին, որ մարզպետն ամեն ինչ անում է, որպեսզի ջրից չոր դուրս գան։ Գարիկ Սարգսյանին էլ հրահանգել էին, որ պիտի հելնի մարտի 1–ի դեպքերով խոսի, որ Ասլանը ակտիվ է եղել մարտի 1-ին, Նիկոլի կողքին է եղել։

Ի վերջո, դատախազը վերադարձավ և չպաշտպանեց մեղադրանքը այն չափով, ինչ չափով իրեն հասու էր, պաշտպանեց լղոզած։ Հիմա ես ուզում եմ կոչով դիմել Աննա Վարդապետյանին, որ վերահսկողություն սահմանի։ Մենք բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, կատարվածը սպանություն է, սպանության մանրամասները և փաստերը առկա են»,–ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։