Բացառում ենք որեւէ համագործակցություն իշխող ուժի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 5–րդ համագումարի ժամանակ ասել է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Բոլոր իրար հարող ուժերը, որոշակի կոմպրոմիսների գնալով՝ ծրագրային առումով, կարող են ձեւավորել դաշինք։ Մենք ուժ ենք, որը ձեւավորել է Հայաստանում վերջին տարիներին ամենահաջողակն դաշինքը։ Կոնկրետ ուժերի անուն այս պահին սխալ է տալ, միայն հստակ կարող եմ ասել, որ ՔՊ–ի հետ որեւէ համագործակցությունը բացառվում է»,– ասել է Մարուքյանը։
Նշենք, որ կուսակցությունն այսօր հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
««Լուսավոր Հայաստանը» Հայաստանի ամենաճանաչված կուսակցություններից է, ինստիտուտցիոնալ ուժ է, Եվրոպական միության պառլամենտում 3–րդ ուժի՝ «ԱԼԴԵ»–ի անդամ է։ Մենք շուրջ երեք տարի է՝ ոչ մի արշավի մեջ չենք մտել, վերցրել ենք որոշակի ընդմիջում, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցենք։ Մենք չենք ուզում 5 հոգու մանդատներ, մենք ուզում ենք փոփոխություններ»։
Հարցին՝ հնարավոր է համագործակցություն «Հանրապետություն» կուսակցության հետ, Մարուքյանը նշել է, որ բացառվում է համագործակցություն այն ուժերի հետ, որոնք պաշտպանում են գործող իշխանության գիծը։











