Մարդիկ նոր-նոր սկսել են քաղաքականությամբ զբաղվել, ինչպես կասեր Կոնջորյան Հայկը՝ չոչ անել, և հայտնվել են Սյունիքում։ Եթե այլ պատճառ չլիներ, իրենք երբեք Սյունիքում չէին հայտնվի, որովհետև այդ ադրբեջանական դրոշները 21 թվականից այդ հատվածում կան։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս «Մեր ձևով» շարժման անդամներին էին գնացել Սյունիք, ճանապարհից նկարել էին ադրբեջանական դրոշը և ասում էին՝ սա է Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը, որ ծածանվում է թշնամու երկրի դրոշը։

«Դրանք Ադրբեջանի տարածքում են։ Այդ հատվածը թեեւ փաստարկված դեմարկացված չէ, բայց բոլորս գիտենք, որ դա Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի սահմաններն են։ Հինգ տարվա մեջ կամ գնացել են, բայց իրենց քաղաքական գործիչ դեռ չեն համարել, կամ հիմա են սկսում ակտիվ գործունեություն ծավալել, իհարկե անհաջող, և հիմա են հայտնաբերում, որ այնտեղ ադրբեջանական դրոշ կա»,–ասաց նա։

Խոսելով Սյունիքում անվտանգության առումով վիճակի մասին, Ղահրամանյանն ասաց. «Ոչ միայն օգոստոսի 8-ից հետո, այլ մինչև այդ Սյունիքի սահմաններում ոչ մի կողմից ոչ մի կրակոց չի եղել, դա արդեն շատ բանի մասին է փաստում։

Իմ իմացած ինֆորմացիայով, օրինակ, Մեղրիում անշարժ գույքի գները 50%-ով աճել են։ Սա շատ ցցուն փաստ է այնա մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել օգոստոսի 8-ի պայմանագիրը։ Սյունիքից արտագաղթ չկա։

Ես կապանցի եմ, շատ եմ լինում Կապանում, մշտապես շփվում եմ քաղաքացիների հետ և կարող եմ ասել, որ Սյունիքի մարզը, որը 1990–ականների սկզբից պատերազմական գործողություններ է տեսել, մի կլոր տարի չի ունեցել, որ սահմանին զոհ կամ կրակոց չլինի, իհարկե գոհ է այս իրավիճակից։ Իհարկե թերություններ կան և պետք է շտկվեն այդ թերությունները»։