Իմ առաջին մտահոգությունը նախ այդ եպիսկոպոսների ապագան է. իրենք, որպես հայ եկեղեցու զավակներ, պարտավոր են ամեն ինչից առաջ մտածել Մայր եկեղեցու ամրության, հաստատունության, կայունության, հարատևության, իր ծառայությունը մեր ժողովրդին ճիշտ մատուցելու մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Սեւանավանքի հոգեւոր հովիվ Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Փաշինյանին հավատարիմ 10 եպիսկոպոսները մտադիր են Էջմիածնում հավաք կազմակերպել այսօր և պահանջել կաթողիկոսի հրաժարականը։
«Ի՞նչ կլինի իրենց վիճակը, Աստծուն է հայտնի։ Իմ կարծիքով սխալ դիրքորոշում է, սխալ մոտեցում է։ Եթե նույնիսկ իրենք ազնիվ լինեին, իրենք այս ճանապարհով չպիտի փորձեին Մայր աթոռում ինչ-որ փոփոխություններ անել։ Եթե նույնիսկ ինչ-որ բաներում իրենք ճիշտ են, իրենց հայտարարությունները հիմք ունեն, նախահիմք ունեն, միևնույն է եկեղեցու մեջ առաջացած խնդիրների լուծման ճանապարհը սա չէ։ Պետք է խոնարհաբար, սիրով, համբերությամբ, միաբանությամբ, իսկապես հարցը դնենք եկեղեցու ներսում և եկեղեցու ներսում լոծեին։ Որևէ անձ դրսից իրավունք չունի մտնելու եկեղեցու խնդիրների լուծման մեջ։ Սա ավետարանական ճշմարտություն է, սա Պողոս առաքյալի խոսքն է։ Պետք է եկեղեցու խնդիրները եկեղեցին ինքը լուծի իր ներսում։ Դրսի մարդը դրան կոչված չէ»,–ասաց նա։
Հարցին՝ ինչու՞ են նրանք միացել վարչապետի այս արշավին, գուցե չեն տեսե՞լ ներսում խնդիրները լուծելու տարբերակ, Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանն ասաց. «Հավանաբար, ինչ-որ կոմպրոմատ կոչված կա իրենց վրա, կամ նեղացածության ինչ-որ խնդիր ունեն, ինչ-որ հարց իրենց ուզած ձևով չի լուծվել։ Նախ իրենց են ապահովում, որպեսզի այսօրվա իշխանությունները չկարողանան այդ ամեն ինչը հրապարակել, չնայած ես խիստ կասկածում եմ, որ իրենք այդպես էլ գաղտնի կպահեն, քանի որ իրենց կողմ են անցել։ Նման բան հնարավոր չէ, ոչ մի իշխանություն, մանավանդ օտար իշխանություն, չի ներել դավաճաններին։ Եթե դու քո հարազատ եկեղեցուն, հայրենիքին դավաճանում ես, օտարին ո՞նց կարող ես ծառայել։ Ես խիստ կասկածում եմ, որ իրենց մտահոգությունները, իրենց անձերի մասով պիտի ինչ-որ ձևով հաջողության հասնեն»։
Խոսելով ելքերի մասին, հոգևորականն ասաց, որ ելքը ապաշխարությունն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված համատեղ պատարագը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության համատեղ պատարագը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:
Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:











