Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է փոխշահավետ գործակցության ԵԱՏՄ շրջանակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին տարիներին մեր երկրների տնտեսություններում ծառայությունների ոլորտի նշանակությունը կայուն կերպով աճում է։ Այս հատվածը ձևավորում է ՀՆԱ-ի և զբաղվածության զգալի մասը։ Ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը բարձրացնում է մատակարարների որակն ու մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և բիզնեսի համար ստեղծում ավելի նպաստավոր պայմաններ։ Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է ընթանա ավելի դինամիկ, քանի որ այն ուղղակիորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։ Ոչ պակաս կարևոր ուղղություն է թվայնացումը։ Այսօր կայուն զարգացումն անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ստեղծում նաև էլեկտրոնային առևտրի համար։ Այս առումով՝ այս տարի կոնսենսուս է ձեռք բերվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ։

Համաձայնեցված որոշումները հիմք են ստեղծում միասնական, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար, իսկ մի շարք մեխանիզմներ արդեն իսկ ներդրվում են՝ շուկայի մասնակիցների համար ստեղծելով կանխատեսելի պայմաններ։ Այս համատեքստում՝ ընթացիկ տարում ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից է դարձել ապրանքների շարժի թափանցիկության և հետագծելիության մակարդակի բարձրացումը։ Մակնշման համակարգերի զարգացումը՝ անդամ պետությունների հարկային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ մեկտեղ, նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը։

Այս միջոցառումներն ուղղված են բարեխիղճ մրցակցության ապահովմանը և ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը՝ միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչական բեռը։ ԵԱՏՄ երկրների տնտեսության մեջ զգալի մուլտիպլիկատիվ ազդեցություն և ներդրում ունի զբոսաշրջության ոլորտը։ Եվ այսօր ընդունված զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բոլորին շնորհավորել գալիք Ամանորի կապակցությամբ և հաջողություն մաղթել մեզ գալիք 2026 թվականին, իսկ մեր ժողովուրդներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»,- ասել է Հայաստանի վարչապետը։