Այս կիրակի չեմ մասնակցել պատարագի, ես դասընթացի եմ եղել, բայց եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարեր, որ կիրակի օրը լինելու է պատարագ, ես միանշանակ դասընթացի չէի գնա և կգնայի այնտեղ, որտեղ ինքը կնշեր, որ պետք է պատարագը անցկացվի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Չի նշել, չի ասել, չի գնացել պատարագի, ես էլ չեմ գնացել, ես զբաղվել եմ իմ գործերը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ստացվում է, որ իր համար ոչ թե պատարագն է կարևոր, այլ Նիկոլ Փաշինյանի կոչը, Վարդանյանն ասաց. «Ինձ համար շատ կարևոր է իմ քաղաքական թիմի ու թիմի ղեկավարի հետ միասին մասնակցել պատարագին, իհարկե պատարագը ևս շատ կարևոր է, և շատ կարևոր է թե այդ պատարագը ով է մատուցում»։

Անդրադառնալով լուրերին, որ հնարավոր է՝ եկող կիրակի վարչապետը իր աջակիցների հետ գնա Մայր աթոռ և այնտեղ մասնակցի պատարագի, որը կմատուցեն իրեն հավատարմության երդում տված եպիսկոպոսները, ՔՊ–ական անդամն ասաց. «Ես նման տեղեկատվություն չունեմ, բայց եթե լինի, միանշանակ ես կգնամ և կմասնակցեմ, դա չի էլ քննարկվում»։

Ինչ վերաբերում է հինգշաբթի Մայր աթոռի բակում տեղի ունեցածին, երբ իշխանության կողմնակիցները խփում էին Մայր տաճարի դռանը, կանգնել էին կաթողիկոսների շիրմաքարերի վրա, նա ասաց, որ չի տեսել այդ կադրերը. «Կարծում եմ, որ ընդհանրապես ակցիան չպիտի լիներ այն իմաստով, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է այնքան ողջամտություն դրսևորեր, հասկանալով ինչ է կատարվում, ինչ-որ մի պատրվակով թողներ և ընդհանրապես հեռանար։

Ես մի անգամ էլ եմ ասել, որ իդեալական կլինի, եթե եկեղեցին հենց ներսից ինքնամաքրվի, այսինքն ակցիաների անհրաժեշտությունը ընդհանրապես չլինի, բայց պրոցեսը արդեն սկսել է։ Դուք տեսաք հրապարակվեց նաև փաստաթուղթ, որը հենց վկայում է, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է։ Կարծում եմ, որ սա շատ ավելի կարևոր բան է, քան այն, թե մարդիկ իրենց ինչպես են դրսևորել այդ հանրահավաքի ժամանակ։ Լինել այլ երկրի գործակալ, դա մեծագույն դավաճանություն է։

Ընդդիմության գործառույթը հենց այն է, որ միանգամից ասեն՝ կեղծ է, բայց այդ փաստաթուղթը կեղծ չէ։ Հուրաքանչյուրիս համար պետք է շատ-շատ մտահոգիչ լինի, որ եկեղեցական  մարդիկ, որոնք միջնորդն են սովորական ժողովրդի և Աստծու միջև, զբաղվում են ամեն ինչով, բացի այն ամենով, ինչով իրենք պետք է զբաղվեն»,– ընդգծեց Քրիստիե Վարդանյանը։