Մեր մտքով անգամ չի անցել 2026–ի ընտրություններում որևէ կուսակցություն չգրանցելու, ինչպես տեսնում եք «Մեր ձևովը» իր ձևով արդեն իր գործընթացները ծավալում է, բավականին կասկածելի գործընթացներ ևս նկատվում են այս ճանապարհին, որը չեմ ուզենա հիմա բացահայտել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության կոմղից հնչող հայտարարություններին, թե իշխանությունը պատրաստվում է Մոլդովայի օրինակով չգրանցել որոշ կուսակցությունների։
«Ամեն դեպքում, որևէ մեկը սահմանափակված չէ, թե ազատ խոսքի առումով, թե կուսակցություն ունենալու, թե արշավներ իրականացնելու։ Մենք տեսնում ենք ինչպիսի բուռն ընտրական պրոցեսներ են գեներացրել շատ-շատ կուսակցություններ, հետևաբար ինչ-որ մի կուսակցության դեմ ու կողմ չենք։ Ընդհանուր առմամբ Հայաստանի ներկուսակցական այս պայքարում ես տեսնում եմ մի ամբողջ խումբ ընդդիմություն, որոնք բոլորը իրար հետ սերպաճած են և մյուս կողմում ՔՊ կուսակցություն։
Իրենք բոլորը միասին նույն ուժն են, բոլորը մի մարմին դարձած իրար հետ են աշխատում, այնպես որ որևէ մեկի ավել կամ պակաս աշխատելը մեզ համար խնդիր չէ»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ սոցհարցումներով ՔՊ–ն չի կարող ապագա ԱԺ–ում մեծամասնություն կազմել, Ալխաս Ղազարյանը նախ ասաց, որ չի վստահում սոցիոլոգիական հարցումներին, ապա հավելեց. «Ես տեսնում եմ որ Հայաստանի Հանրապետությունում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի մեծ աջակցություն։ Այն աշխատանքները, որ կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, այն իրողությունը որում մենք հիմա ապրում ենք ՀՀ քաղաքացին զգում է, և այն ծրագրերը, որոնք որ պետք է ներկայացվեն և մենք ենք ներկայացնում, ՀՀ քաղաքացին կարծում եմ՝ ընտրությունների ժամանակ հստակ կգնահատի»։
ՔՊ–ական պատգամավորի կարծիքով հանրությունը չի հավատում ընդդիմության նարատիվներին, թե այս իշխանությունը երկիրը տանում է կործանման. «ՀՀ քաղաքացին լրիվ այլ բան է տեսնում հողի վրա։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո քաղաքացին որոշակի շարժ տեսնում է թե ճանապարհների ապաշրջափակման, թե ցորենի ու բենզինի ներմուծումով»։











