«Ունիսոն» ՀԿ-ն ներկայացնում է սոցիալական տեսահոլովակ, որը հիմնված է առօրյա, շատերին ծանոթ իրավիճակի վրա։ Սովորական զրույցի ընթացքում հնչող մի քանի հարց կարող են բացահայտել այն սխալ պատկերացումները, որոնք հաճախ ձևավորվում են աննկատ և առանց խորանալու մարդու իրական կյանքի մեջ։

Այս տեսահոլովակը ուշադրություն է հրավիրում շփման մշակույթի վրա՝ ընդգծելով, որ հարգալից վերաբերմունքը սկսվում է ճիշտ հասցեավորումից։ Այն հիշեցնում է, որ անհրաժեշտ է խոսել և հարցեր ուղղել հենց հաշմանդամություն ունեցող անձին, այլ ոչ թե նրա ուղեկցողին, և մարդուն ընկալել որպես ինքնուրույն անհատ, ոչ թե կարծրատիպերով պայմանավորված պատկեր։

Տեսահոլովակը պատրաստվել է «Արվեստը՝ որպես փոփոխության խթան (ACT)» ծրագրի շրջանակում, որը Նոր ժողովրդավարության հիմնադրամի (Դանիա) աջակցությամբ իրականացվում է «Ունիսոն» ՀԿ-ի և Նարեկացի Արվեստի Միության կողմից։