Մեծ միավորման արդյունքում ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանին հաղթելու ռեալ հնարավորություն ունեն։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Հնարավոր է ստեղծել մի իրավիճակ, երբ չի գործի «Մոլդովայի տարբերակը», ինչի հետ մեծ հույսեր է կապում գործող ռեժիմը։ Եթե համախմբում չլինի, և ընդունենք՝ 30 քաղաքական ուժերից 3-ին թույլ չտան մասնակցել ընտրություններին, Փաշինյանը ասելու է՝ «ժողովուրդ ջան, 27 ուժ կա մասնակցող, գնացեք դրանցից մեկը ընտրեք»։ Եվ այդ թեման փակվելու է, ինչպես փակվեց Մոլդովայում։ Բայց եթե բոլոր ընդդիմադիր ուժերը հանդես գան մեկ ճակատով, ու այդ դաշինքը չգրանցեն՝ ամբողջ աշխարհը արձանագրելու է, որ Հայաստանում ընտրություններ չկան։ Հիմա ես բաց տեքստով սրա մասին խոսում եմ, որ մարդիկ հասկանան՝ այս ընտրությունները հաղթելը հնարավոր է, և բոլոր նրանք, ովքեր կփորձեն տապալել այդ հնարավորությունը, իրականում հաղթելու նպատակ չունեն, այլ ուզում են Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում ֆինանսաբյուջետային հանձնաժողովի անդամ աշխատել»,– ասել է Մարուքյանը։
Նրա խոսքով, Փաշինյանը չունի 51 տոկոս ձայն, դրա մասին գիտեն բոլոր քաղաքական ուժերը, գիտի նաև հենց ինքը՝ Փաշինյանը. «Այդ վիճակագրական տվյալները բոլորը ունեն իրենց ձեռքի տակ։ Սա նշանակում է, որ մեկ միասնական բևեռ կազմելու նախաձեռնությունը սաբոտաժ անողները իրականում ուզում են, որ Նիկոլը մնա իշխանության։ Իսկ այդպիսի ցանկություններով «ընդդիմադիրների» հանդեպ ես անողոք եմ լինելու, խոստանում եմ»։











