Սոցհարցումների արդյունքները Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան են գուժում. ինչո՞ւ է նա պարում ու թմբուկ նվագում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել
Տեսանյութում նա նշում է. «Հավանաբար տեսել եք այն տեսանյութերը, որտեղ Հայաստանի վարչապետը թմբուկ է նվագում ու պարում է։ Գուցե հարց տաք, որտեղից է այս ամենը գալիս։ Պատասխանը հստակ է, վարչապետը շատ վատ ցուցանիշներ ունի երիտասարդ ընտրողների շրջանում հանրային հարցումների համաձայն, և նաև նա այս կերպ պատասխանում է երիտասարդների այդ աշխատանքի, մեր շատ հաջողված քայլերին։
Պարոն Փաշինյան, հիմա ես ձեզ համար ուզում եմ պարզաբանել. հայ երիտասարդները չեն փնտրում վարչապետ, որը լավ թմբուկ է նվագում կամ լավ պարում է: Նրանք ուզում են առաջնորդ, որով կարող են հպարտանալ:
Առաջնորդ, որը չի ասում, թե պարտությունը հաղթանակ է: Առաջնորդ, որը հասկանում է, որ խաղաղություն հնարավոր է միայն ուժի և արդարության պայմաններում: Առաջնորդ, որ վերջ կդնի իր երկրի շարունակական նվաստացմանը:
Եվ ամենակարևորը առաջնորդ, որը չի ստանում հրամաններ օտար բռնապետերից:
Իմ ուղերձը երիտասարդ ընտրողներին հետևյալն է. Մեր ձախողված վարչապետը վախենում է ձեզանից և ձեր մասնակցությունից հաջորդ տարվա ընտրություններին: Եթե դուք մեծ թվով մասնակցեք հաջորդ տարվա ընտրություններին և ձեր ձեռքը վերցնեք երկրի ճակատագիրը, ապա մենք հաջորդ տարի արդեն կունենանք նոր կառավարություն ու նոր Հայաստան: Ես ամեն ինչ կանեմ առաջիկա ամիսներին ձեր աջակցությունը և ձեր ձայները վաստակելու համար»։











