Երևանի Էրեբունի վարչական շրջանում արդեն երրորդ օրն է՝ բնակիչները մնացել են առանց էլեկտրամատակարարման։ Ձմռան ցրտին շատերը զրկված են ոչ միայն լուսավորությունից, այլև ջեռուցումից։

Բնակչուհիներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Արդեն երեք օր է՝ լույս չունենք։ Բարելավում են կատարում ՀԷՑ–ում, չեք տեսնո՞ւմ՝ ինչ բարելավում է, տրանսպորտի նման։ Ոնց որ տրանսպորտը բարելավեցին, այնպես էլ սա, առանց հոսանք նոր տարվա շեմին, քանի օր է չեն կարողանում այդ հարցը լուծեն։ Հայոց հարց է դարձել, բա ճանապարհնե՞րը»։

Մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Նոր տարի է գալիս, մարդիկ հոսանք չունեն։ Երեք օր առաջ կտրեցին, հետո մի քանի ժամ տվեցին ու նորից անջատվեց։ Ջեռուցման հարցն էլ գազով ենք լուծում, գազօջախ ենք իրացնում»։

«Ես Արեշի սեփական տներում եմ ապրում։ Արդեն օրուկես է՝ լույս չունենք ու ապրում ենք, այսպես ասած, գոյատևում ենք։ Գազօջախն ենք միացնում, որ տունը գոնե մի փոքր ջեռուցվի։ Ստիպված խոհանոցում ենք նստում։ Բաքսին չի միանում առանց հոսանքի։ Այլ ելք չունենք։

Մոմ ենք վառում, հեռախոս չենք կարողանում լիցքավորել։ Տաք շորեր ենք հագնում, որ չմրսենք»։

Մեկ ուրիշն էլ ասաց, որ տանը 5 ամսական երեխա ունեն, ստիպված ուղարկել են պապիկի տուն։ «Սառում են երեխեքը, տունը հիվանդ են։ Ամանորին չենք կարող պատրաստվել, մութ տեղը ի՞նչ անես, անլույս չես կարող շարժվես, մրսում ես։ Նույնիսկ խանութները չեն աշխատում։ Ինչ կա, սաղ փչանում է, լավ է՝ մեկ քիչ ցուրտ է, հանում, դնում ենք դուրսը։

Տանը սառնարանում միսը փչանում է, չգիտենք էլ՝ այսօր լույս կլինի՞, թե՞ չէ»։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ Ամանորին գնալու է դստեր մոտ՝ գյուղ, էնտեղ է անցկացնելու. «Նախկինում էլ անջատումներ հաճախ էին լինում, բայց ոչ այսքան երկար ժամանակով»։