«Մեր ձևով» շարժման ղեկավար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից և ուղևորվում է տուն։ Այստեղ հավաքվել են քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Սամվել Կարապետյանին։
Նշենք, որ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։











